Գլխավոր / Հայաստան / Բագրատյանը համոզված է, որ 2012-ի ընտրություններից հետո վիճակը դեպի լավն է փոխվելու

Բագրատյանը համոզված է, որ 2012-ի ընտրություններից հետո վիճակը դեպի լավն է փոխվելու

Հայաստանում 2012-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են շատ մեծ չափերով: Հայաստանի կառավարությունն ի սկզբանե ամեն ինչ ձախողել է և այսօր նստած մտածում է՝ ինչ սուտ մոգոնի, որ հինգ ամիս անց ընտրությունների գնալու երես ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ նախկին  վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հայաստանում վիճակն այնքան լարված է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո դժվար թե իշխանությունը շարունակի ղեկավարել: Հայաստանում ոչ մի հեռանկար չկա, սարսափելի մակարդակի վրա է մեր կառավարության գործունեությունը: Առավել վստահ եմ, որ 2012 թվականի մայիսի 6-ից հետո Հայաստանում վիճակն արմատապես կփոխվի դեպի լավը, տեղի կունենան լուրջ քաղաքական փոփոխություններ», — համոզված է Բագրատյանը:

Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը մասնակցելու է  այդ ընտրություններին՝ գիտակցելով, որ իրենց մասնակցությունը ստիպելու է իշխանությանը գնալ լուրջ կեղծիքների:

«ՀԱԿ-ը կհավաքի ոչ պակաս, քան ձայների 40-45 %-ը՝  ընտրությունները չկեղծվելու դեպքում: Չնայած հետընտրական կրքերն անխուսափելի են լինելու, այնուամենայնիվ, մարտի 1-ի արյունահեղությունը իշխանությունը չի կրկնի: Հիմիկվանից վստահ  հրավիրում եմ բոլորիդ մայիսի 6-ին գալ Ազատության  հրապարակ», — ասել է Բագրատյանը:

Լուսանկարը` oursurprisingworld.com