Գլխավոր / Հայաստան / Զոհված զինծառայողի մորը չեն տրամադրում կառավարության սահմանված օգնությունը

Զոհված զինծառայողի մորը չեն տրամադրում կառավարության սահմանված օգնությունը

2010թ. մարտի 15-ին հայկական բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը կառավարության կողմից տրվող գումարն ամբողջությամբ չեն տրամադրում: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանը:

«Կառավարության որոշմամբ զոհված զինվորների ծնողներին «Փարոս» էին նշանակել (Փարոս հիմնադրամի տրվող օգնությունը – խմբ.), որը 13 500 դրամ էր, և 10 000 դրամ էլ զոհված զինվորների ծնողների տալիս էին որպես ճանապարհածախս: Ես ստանում էի այդ գումարը: Բայց մի քանի ամիս առաջ կառավարությունը որոշում կայացրեց,  որ 10 000-ական դրամները դառնում են 30 000 դրամ: Այսօր ես ուզում եմ ասել, որ իրենցից ողորմություն չեմ խնդրում, այլ կառավարության որոշմամբ տրվող, գումարը ես մինչև այսօր չեմ ստացել, այդ 30 000-ական դրամները»,- ասել է Նանա Մուրադյանը:

Դրանից հետո Նանա Մուրադյանը դիմել է համապատասխան պետական սոցիալական ծառայությանը և հարցրել, թե ինչու իրեն այդ 30 000-ը չեն տալիս:

Այնտեղից Մուրադյանին պատճառաբանել են, որ դեռ իր որդու գործով նախաքննություն է գնում և դեռևս որոշված չէ ինքնասպանություն է եղել, թե սպանություն, այդ պատճառով էլ 30 000-ը ծնողին դեռ չեն տալիս:

«Ես էլ հարց եմ տալիս, եթե դեռ որոշված չի, 10 000 դրամն ինչի՞ էին տալիս, «Փարոսը» ինչի՞ էին տալիս: Ինձ նաև ասացին, որ եթե պարզվի, որ ինքնասպանության դրդում ա` էդ ժամանակ հասնում է», — ասել է Նանա Մուրադյանը և հավելել, որ անկախ ամեն ինչից, ինքը ապացուցելու է, որ իր որդուն սպանել են:

Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական վարկածի, Վալերի Մուրադյանը 2010թ. մարտի 15-ին ինքնասպան է եղել` պարանի միջոցով երկաթե ձողից կախվելով:

Լուսանկարը` Արման Վեզիրյանի