2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Կորեայում կաչաղակներն էլ են «սգում» Կիմ Չեն Իրի մահը

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը պատմել է, թե ինչպես են կաչաղակները «սգում» դեկտեմբերի 17-ին մահացած ԿԺԴՀ-ի «հզոր առաջնորդ» Կիմ Չեն Իրի մահը: Թռչունների մասին տեսանյութը հայտնաբերել է The Daily Telegraph-ը:

Տեսանյութում երևում է ինչպես են մի քանի կաչաղակներ գրեթե անշարժ նստած Կիմ Չեն Իրի հոր`ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի հիշատակին նվիրված հուշարձանից ոչ հեռու գտնվող ծառի վրա: Տեղի բնակիչների խոսքով` թռչունները հուշարձանի մոտ են եկել դեկտեմբերի 18-ին`ԿԺԴՀ-ի առաջնորդի մահից մեկ օր անց:

Տեղի բնակիչները կարծում են, որ թռչունները կիսում են իրենց սուգը ազգի առաջնորդի մահվան առիթով: «Դա նշանակում է, որ բնությունը, ինչպես և մարդիկ ողջ աշխարհում, չեն կարողանում մոռանալ մեր սիրելի առաջնորդին»,-ասվում է տեսանյութում:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին`69 տարեկան հասակում սրտի նոպայից: Ներկայումս նրա մարմինը գտնվում է դամբարանում, նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: