21-րդ դարը պետք է լինի քաղցրահամ ջրի պայքարի ժամանակաշրջան. մարդկությունն ավելանում է, պակասում են բնական կենսառեսուրսները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ բնական ռեսուրսները պետք է ճիշտ օգտագործել, որպեսզի հետագայում սերունդները ևս կարողանան օգտվել պաշարներից: Քառասուներեք խոշոր միջոցառումների ծրագրեր են մշակվել ու ներկայացվել ՀՀ նախագահին ու կառավարության հատուկ որոշմամբ այս միջոցառումներն իրագործելու համար հատկացվել է 43 միլիարդ դրամ», -նշել է նա:
Մովսիսյանի խոսքով` այդ միջոցառումները երեք նպատակ են հետապնդում:
«Դրանք են՝ լճի մակարդակի բարձրացումը, լճի ջրի մաքրության ապահովումը և կենսաբազմազանության ապահովումը: Այս խնդիրների թերի կամ մասնակի լուծման դեպքում էկո համակարգում դրական տեղաշարժեր լինել չեն կարող», – ասել է նա:
Բանախոսը, խոսելով այս խնդիրների մասին նշել է՝ եթե մինչև 1993-2002 թվականը Սևանա լճի մակարդակն իջել էր 19 մետր 30 սմ-ով, ապա վերջին տասը տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 3 մետր 82 սմ-ով:
«Այս տարի նախորդ տարվա համեմատությամբ այդ ցուցանիշն ավելացել է 24 սմ-ով: Օրենքով սահմանված 6 մետր բարձրացումն արդեն իրողություն է՝ 3 մետր 82 սմ արդեն ունենք և սահմանված ժամանակացույցով մինչև 2030 թվականը լճի աստիճանական բարձրացման արդյունքում կարձանագրենք 6 մետր բարձրացումը: Զգալի նվազել են ոռոգման համար նախատեսված ջրի բաց թողնման ծավալները», -ասել է նա:
Ինչ վերաբերում է Սևանա լճի ջրի մաքրությանը, Մովսիսյանն հիշեցրել է, որ այս առումով արդյունքներն ավելի համեստ են: Ավազանի շրջանում՝ Գավառ-Մարտունի- Վարդենիս տարածքում կտեղադրվեն ու շահագործման կհանձնվեն մաքրման կայանները:
«Եթե լճի բարձրացման հետևանքով ջրածածկ էին եղել 528 շենք-շինություններ, այսօրվա դրությամբ դրանցից 345-ը ապամոնտաժված և տեղափոխված է: Այս գործընթացը շարունակվելու է և ընդհանուր առումով մինչև սահմանված նիշը լճի բարձրացման հետևանքով ջրածածկ կլինեն 4717 շենք-շինություն. բարեբախտաբար դրանց 87% շարժական է: Անտառների մաքրման վերաբերյալ նախկինում որակի առումով ունեցած որոշակի թափթփվածությունն այսօր չկա: Մաքրվել է 295 հա անտառ: Տեղափոխվել են երեք պոմպակայաններ, ավարտվել է Լճաշեն ճանապարհի 2,2 կմ տեղափոխումը, այլևս ջրածածկ տարածք ճանապարհների առումով չկան», – տեղեկացրել է նա:
Մովսիսյանը նաև ավելացրել է՝ եթե 2008 թվականին ջրերի լուսաթափանցելիությունը կազմում էր 4-5 մետր, ապա այս տարի լուսաթափանցելիությունը կազմում է 8-11 մետր, որը մաքրության առումով գրանցված մեծ ցուցանիշ է:
Անդրադառնալով լճի կենսաբազմազանությանը, Մովսիսյանը նշել է, որ այստեղ մի շարք խնդիրներ կան կուտակված ու անելիքներ դեռևս կան:
«Այս տարի 367 000 մանրաձուկ է լցվել լիճ, բարեբախտաբար, արձանագրվել է, որ լճում իշխանի երկու, ամառային բախտակի ու գեղարքունի ձկնատեսակի թվաքանակը զգալի ավելացում է արձանագրվել: Ցավալին այն է, որ այս արդյունքն ունենք արհեստական վերարտադրության արդյունքում, բնական վերարտադրության առումով դրական որևէ լուրջ տեղաշարժ չունենք և սա ամենամեծ թերությունն է»,-ասել է նա: