հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանցիները բացատրում են՝ ինչու են նախընտրում Ամանորն անցկացնել Վրաստանում

Հայաստանցիները բացատրում են՝ ինչու են նախընտրում Ամանորն անցկացնել Վրաստանում

Վերջին երկու օրերին հայ-վրացական սահմանին կարելի է տեսնել տասնյակ մեքենաներ, որոնք մեկնում են Վրաստան: Մեքենաներում հիմնականում Հայաստանի քաղաքացիներն են, որոնք ընտանիքներով նախընտրում են Ամանորն անցկացնել հարևան երկրում:

Epress.am-ի թղթակիցը  զրուցել է Վրաստան մեկնող մի քանի քաղաքացու հետ, ովքեր պատմել են, թե ինչու են նախընտրում Ամանորը Հայաստանից դուրս անցկացնել:

Մասնավորապես, Տաթև Կարապետյանն ու Աբել Հակոբյանը նշել են, որ Վրաստանում գները շատ ավելի մատչելի են, քան Հայաստանում, իսկ հանգիստը շատ ավելի լավ է կազմակերպված:

Տաթև Կարապետյանը, ով վերջին տարիներին Ամանորը մշտապես անցկացնում է Վրաստանում,  նշել է, որ այս տարի աննախադեպ թվով շատացել է Վրաստանում Ամանորն անցկացնող հայաստանցիների թիվը:

Epress.am-ի մի քանի զրուցակիցներ նաև պատմել են, թե որքան են վճարում հանգստի համար: Ամենաթանկ հյուրանոցներից մեկը՝ Բաթումիի «Շերատոնը» երկու անձի համար արժե 165 դոլար՝ նախաճաշը ներառյալ: Ամենաէժան երեք աստղանի հյուրանոցներում հնարավոր է մեկ օրն անցկացնել՝ վճարելով 35-ից մինչև 75 դոլար 4 անձի համար` ներառյալ նախաճաշը:

Թբիլիսիում կամ Բաթումիում 4 աստղանի հյուրանոցների գինը չորս հոգու համար տատանվում է օրական 70-ից մինչև 120 դոլար սահմաններում՝ նախաճաշը ներառյալ, ինչն անհամեմատ էժան է, քան Հայաստանում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Epress.am-ը ներկայացրել էր հայաստանյան հանգստավայրերում հյուրանոցների գները, որոնք անհասանելի են Հայաստանի միջին քաղաքացու համար:

Մասնավորապես, Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցն իր այցելուների համար դեկտեմբերի 31-ից մինչ հունվարի 3-ն առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթը՝ 480.000 դրամ՝ երկու անձի համար՝ ներառյալ  տարեմուտի գիշերվա բանկետն ու շոու-ծրագիրը:

Հանքավանի «Անի» հյուրանոցային համալիրը  դեկտեմբերի 31-ից հունվարի  5-ը առաջարկում է 500.000 և 550.000 դրամ արժողությամբ երկտեղանոց սենյակներ՝ ներառյալ տոնական միջոցառումներն ու սնունդը:

Հյուրանոցային համալիրն հյուրերին առաջարկում է նաև չորստեղանոց քոթեջներ՝ 900.000 դրամ արժողությամբ:

Սևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում ամանորյա փաթեթներ չեն  գործելու: Ամանորյա գիշերը շոու-ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են պատվիրել աթոռը նախկին 40.000 դրամի փոխարեն 30.000 դրամով: Հյուրանոցային համալիրից Epress.am-ին հայտնել են, որ այս տարի լրանում է «Հարսնաքար»-ի 10-ամյակը,  ինչով էլ  պայմանավորցած է գնի իջեցումը: Համարների գները տարբեր են՝ 55.000-ից մինչև 100.000 դրամ: Ի դեպ, 100.000 դրամ արժողություն ունեն VIP սենյակները:

Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուս» հանգստյան տանը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը երկու անձի համար պահանջվելու է 720.000 դրամ՝ երեքանգամյա սնունդով:

Ամեն երեկո հյուրերի համար կկազմակերպվեն շոու-ծրագրեր, կգործեն լողավազանն ու մարզասրահը: