հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ցեղասպանության ժխտումը պատժելու մասին օրենքը չի արտահայտում ֆրանսիացիների կարծիքը. գործարար

Ցեղասպանության ժխտումը պատժելու մասին օրենքը չի արտահայտում ֆրանսիացիների կարծիքը. գործարար

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է դեկտեմբերի 22-ին, չի արտահայտում Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնության կարծիքը. օրենքը հաստատվել է մարդկանց փոքր խմբի կողմից: Երեկ Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք է հայտնել Ֆրանս-թուրքական առևտրային ասոցիացիայի փոխնախագահ, գործարար Իվ-Մարի Լաուենանը, ով Թուրքիայում է բնակվում արդեն 18 տարի:

Գործարարի խոսքով` քիչ հավանական է, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, կհաստատի տվյալ օրինագիծը:

«Չեմ կարծում, որ օրինագիծը կվավերացվի Սենատի կողմից: Այսօր ինտելեկտուալների, պատմաբանների և քաղաքական գործիչների մեծ մասն իրենց ձայնն են բարձրացնում` նշելով, որ դա սահմանադրական օրենքի խախտում է», – ասել է Լաուենանը:

Նա նշել է, որ իր ասոցիացիայի անդամները շփվում են քաղաքական գործիչների և մամուլի ներկայացուցիչների հետ` հորդորելով նրանց դեմ դուրս գալ օրինագծին Սենատում` Թուրքիայի և Ֆրանսիայի բարեկամությունը պահպանելու համար:

Նշենք, որ ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո Թուրքիան սպառնացել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ:

Այսօր Թուրքիայի շուկայում աշխատում են ավելի քան 400 ֆրանսիական ընկերություն: Ֆրանս-թուրքական առևտրային ասոցիացիայի նախագահ Զեյնեփ Նեչիպօղլուի հավաստամամբ` երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասնում է  տարեկան 12 միլիարդ եվրոյի: