Home / Հայաստան / ՀԱԿ-ում «ընդհանուր արտահայտություններով» խոսել են ԱԺ ընտրությունների մասին

ՀԱԿ-ում «ընդհանուր արտահայտություններով» խոսել են ԱԺ ընտրությունների մասին

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա քաղխորհրդի նիստում քննարկվել է ՀԱԿ-ի գալիք ամիսների ռազմավարությանը, մասնավորապես, փետրվար-մարտին Կոնգրեսի  վերսկսվող հանրահավաքային արշավին վերաբերող հարցեր:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Մենք նախապատրաստում ենք համաժողովրդական ընդվզման մի ալիք, որի  նպատակն է հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: Եվ որևէ քննարկում, մասնավորապես, նաև Հրազադանի քաղաքապետի ընտրություններին կամ ԱԺ-ի ընտրությունների վերաբերյալ քննարկումները եղել են այս կոնտեքստում: Մենք դեմոկրատական երկրում չենք ապրում, ընտրություններն այստեղ կեղծվում են, մենք գնում ենք ընտրություններին որպես գործիք՝ ժողովրդին ակտիվացնելու համար, ժողովրդավարության հասնելու նպատակով: Ինչ ենք անելու Հրազդանի քաղաքապետի ընտրարշավին, ինչ ենք անելու հանրահավաքներին, երբ են լինելու հանրահավաքները` այց հարցերի առնչությամբ հնչել են տարբեր առաջարկներ», – ասել է Զուրաբյանը:

Կոնգրեսի համակարգողն ասել է, որ ԱԺ-ի ընտրությունների վերաբերյալ որոշ սկզբունքների մասին խոսվել է՝  շատ ընդհանուր արտահայտություններով:

Ինչ վերաբերվում է Կոնգրեսի ցուցակին, ապա Լևոն Զուրաբյանի խոսքով` ցուցակի կազմավորման վերաբերյալ քննարկումները նոր են սկսվել և  տարբեր կարծիքներ են հնչում:

Նրա խոսքով` իր կարծիքը համընկնում է այն կարծիքի հետ, որը կենտրոնական շտաբն է ներկայացրել, բայց հնչեցնել այդ սկզբուքները մինչև վերջնական որոշումը՝  Լևոն Զուրաբյանն աննպատակահարմար է համարել:

Խոսելով նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝  Կոնգրեսի ցուցակում ընդգրկվելու հնարավորության մասին, Զուրաբյանն ասել է.

«Ես կարծում եմ` վերջնական որոշումը կախված է և Տեր-Պետրոսյանի կարծիքից, և, ի վերջո, Կոնգրեսի այս քննարկումների ավարտից, և ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կընտրի ժողովրդավարության հաստատման իր մասնակցության ամենաարդյունավետ ձևը», – ասել է Զուրաբյանը:

Tekali Taxi