Home / Հայաստան / «Ոստիկանության պնդումները կեղծ են և շինծու». Փաշինյանի հայտարարությունը

«Ոստիկանության պնդումները կեղծ են և շինծու». Փաշինյանի հայտարարությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, որոնք թույլ են տալիս պնդել, որ երեկ ՀՀ ոստիկանության կողմից տարածած` «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի գործին առնչվող տեսանյութում բերվող պնդումները կեղծ և շինծու են: Այս մասին ասված է օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որն այսօր Փաշինյանը ներկայացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով «տուժող») «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գևորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է «մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին»:

Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:

 – «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գևորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գևորգյանի վարած «Նիվա» ավտոմեքենայի «շիթը», եւ «հարվածը» եղել է ոչ ուժեղ: «Նիվա» ավտոմեքենայի «շիթը» (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ  կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գևորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որեւէ կերպ տուժողին պատճառել  «ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք», առավելեւս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:

– Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած «ոչ լրիվ կոտրվածք» արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում, ինչպես հղի` կամ լինում են, կամ չեն լինում:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որևէ կոտրվածք չունի:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գևորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:

Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաև այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչև Հայկ Գևորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:

– «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գևորգյանին) լրագրող է:

– ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը բրիֆինգում հայտարարել է, թե «Հայկ Գևորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ»: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, և դրանով իրականացնել ճանաչում:

– Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին:

Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:

ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն եւ իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերեւս, ՀՀ ոստիկանության գործունեության եւ նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գեւորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:

2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնեւյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետևություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով», – ասված է Փաշինյանի հայտարարության մեջ:

Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերոնշյալ ձայնագրություններից հատվածներ, որոնց ընթացքում Աշոտ Ֆրանգուլյանը նշում է, թե իր ոտքը չի ջարդվել, բայց ցավ կար և որ իր ոտքին դիպել է «Նիվի շիտը» ընդամենը մեկ անգամ: Ներկայացված մեկ այլ ձայնագրության մեջ Ֆրանգուլյանն ընդգծում է, որ ինքը նստել է բորդյուրին և գլուխը խփել է պատին:

Փաշինյանի խոսքով` այդ ձայնագրություններն արվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի կողմից, ով մի քանի օր անց այցելել է հիվանդանոց և խոսել Ֆրանգուլյանի հետ:

 

Tekali Taxi