Home / Հայաստան / «Միլանո» խանութի սեփականատիրոջ հայցը մերժվեց. ընկերությունը դիմելու է Եվրոդատարան

«Միլանո» խանութի սեփականատիրոջ հայցը մերժվեց. ընկերությունը դիմելու է Եվրոդատարան

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը ` դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ, մերժել է «Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի վերաքննիչ բողոքը:

«Օլիմպի» շահերը պաշտպանող  փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով` դատարանը իրական հիմնավորում իր որոշմանը չի տվել:

«Դատարանը կարծում է, որ հիմնավորումների ծավալով ու էջերի քանակով է որոշվում հիմանվորումների որակը»,-  Epess.am-ի հետ զրույցում ասել է Հայկ Ալումյանը և հավելել, որ կողմը պատրաստվում է բողոքարկել վճիռը Վճռաբեկ դատարանում և ապա Եվրոպական դատարանում:

«Օլիմպի» մյուս  փաստաբան Տիգրան Հայրապետյանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, նշել է, որ վճռաբեկը վերածվել է դիվանագիտական մարմնի և որևէ հիմնավորում չի  տալիս` հակադարձելու հայցվոր կողմի` 8 դրույթներից բաղկացած հայցադիմումը:

Հիշեցնենք, որ «Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը վերաքննիչ բողոք էր ներկայացրել և պահանջում էր բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝  2010թ. ընդունած վճիռը, որով «Օլիմպին» պատկանող «Միլանո» խանութի տարածքի (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 4) սեփականության իրավունքը գրանցվել է «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերության անունով: Այս որոշումը հնարավոր է դարձել  ընդունել, քանի որ 2007թ.  տարածքը  «գերակա հանրային շահ»  ճանաչելու մասին որոշում  էր  ընդունվել:

«Օլիմպի» գործը դատարանում է անցյալ տարվա  փետրվարից: Դեռ գործի քննության ընթացքում` օգոստոսի 22-ի վաղ առավոտյան, հողին է հավասարվեցվել «Միլանո» խանութի շենքը: Փլատակների տակ է մնացել «Օլիմպ» ԱԿ-ի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի` գրեթե 100 հազար դոլարի հասնող գույքը: Գույքի օտարման այս գործողությունը, ըստ Տիգրան Հայրապետյանի, ակնհայտ օրենքի խախտում էր, քանի որ գործը դեռ քննության մեջ էր, երկրորդ` որովհետև   իրավաբանական սեփականատերին չէր  տեղեկացվել` շենքը քանդելուց առաջ: