հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրանը Կենտրոնական բաժնում է. Ոստիկանությունը պարզաբանում է Մաշտոցի պուրակում կատարվածը

Վրանը Կենտրոնական բաժնում է. Ոստիկանությունը պարզաբանում է Մաշտոցի պուրակում կատարվածը

Վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով: Այս մասին ասված է Ոստիկանության հայտարարության մեջ, որը տարածվել է Մաշտոցի այգում 21.30-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանները պուրակում տեղադրված վրանից դուրս են բերել բնապահպաններին, իսկ վրանը տարել իրենց հետ:

Ըստ հայտարարության` Մաշտոցի պուրակում վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման:

“ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:

Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:

Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով”, – ասված է հայտարարության մեջ: