Գլխավոր / Հայաստան / Facebook-ից ծագած դատը չկայացավ. «Մեկ ազգը» դատարանի մոտ քահանա էր բերել

Facebook-ից ծագած դատը չկայացավ. «Մեկ ազգը» դատարանի մոտ քահանա էր բերել

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը հետաձգել է Բայանդուր Պողոսյանի, Դանիել Իոնիսյանի և Հասմիկ Սիմոնյանի` «Մեկ ազգ» կազմակերպության դեմ ներկայացրած հայցի քննումը: Դատական նիստը տեղափոխվել է ապրիլի 16-ին, ժամը 14.30-ին:

Ըստ հայցվոր կողմի` «Մեկ ազգ»-ը նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին իր ֆեյսբուքյան էջում զրպարտիչ, վիրավորական հայտարարություն էր արել իրենց հասցեին:

««Մեկ ազգը» մեզ մեղարդում էր նրանում, թե մենք դատապարտում ենք իր պայքարը աղանդների, սեռական փոքրամասնությունների դեմ, թե մենք «գաղափարական վիժվածքներ» ենք,  առանց համասեռականների չենք պատկերացնում Հայաստանը, իմ մասին, մասանվորապես, հայտարարել էին, թե ես հայ չեմ»,- Epress.am-ի հետ զրույցում հայցի հիմքերը պարզաբանել է Դանիել Իոնիսյանը (լուսանկարում):

Նա հայտնել է նաև, որ մինչ այդ գրառումները ինքը որևէ հրապարակային հայրարարություն չի արել «Մեկ ազգի» մասին, Հասմիկ Սիմոնյանը նույնիսկ չի իմացել նման կազմակերպության գոյության  մասին:

Դատարանի շենքի մոտ «Մեկ ազգը»  բողոքի ցույց էր կազմակերպել, որին մասնակցում էին ՀԿ-ի անդամներ, քաղաքացիներ և քահանա:

«Ցավալին այն է, որ նրանց մի մասը  չգիտեր` ինչի  համար է դատը, մտածում էին` պայքարում ենք հանուն աղանդների, բիսեքսուալների, մենք բացատրեցինք, որ բողոքում ենք զուտ սուտ ինֆորմացիա տարածելու դեմ, հիասթափվեցին շատ»,- ասել է Դանիել Իոնիսյանը:

Հիշեցնենք, որ Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի այգում բնապահպանների բողոքի ակցիաների մասնակիցներից է. մամուլում և սոցիալական ցանցերում խոսվում է նրա` սատանիստ լինելու մասին:

Լուսանկարը` Դանիել Իոնիսյանի ֆեյսբուքյան էջից