Home / Հայաստան / «ԱրմՆյուզի» տնօրենի ասածը շեղվում է իրականությունից. Փաշինյան-Հայրապետյան բանավեճի մասին

«ԱրմՆյուզի» տնօրենի ասածը շեղվում է իրականությունից. Փաշինյան-Հայրապետյան բանավեճի մասին

«ԱրմՆյուզի» տնօրեն Արտակ Ալեքսանյանի այն հայտարարությունը, թե Փաշինյան- Հայրապետյան բանավեճը երկուշաբթի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում չի կայանա, քանի դեռ չկա բանավիճող կողմերի փոխհամաձայնությունը, մի փոքր շեղվում է իրականությունից: Այս մասին այսօր գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սամվել Ալեքսանյանին Նիկոլ Փաշինյանն ինքն է հրավիրել բանավեճի: Սամվել Ալեքսանյանը դեռևս չի պատասխանել այդ հրավերին: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանին, վերջինս  ինքն է ապրիլի 12-ի ասուլիսում պատրաստակամություն հայտնել բանավիճել Հայ Ազգային Կոնգրեսի առաջին տասնյակում ընդգրկված գործիչների հետ: Սրան ի պատասխան, Փաշինյանն  ընդունել է այդ հրավերը, ինչը նշանակում է՝ առկա  է կողմերի համաձայնություն: Այնպս որ երկուշաբթի օրվա ուղիղ եթերը մնում է ուժի մեջ», – գրում է թերթը:

Հիշեցնենք, որ երեկ Արտակ Ալեքսանյանը Epress.am-ին փոխանցել էր, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ցանկություն հայտնել բանավիճել Ռուբեն Հայրապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն այս պահի դրությամբ չկա վերջիններիս համաձայնությունը, հետևաբար երկուշաբթի նման ձևաչափով հաղորդում «Արմնյուզ»-ի եթերում չի լինելու:

Ըստ Փաշինյանի` քանի որ Հայրապետյանը հայտարարել է, թե համաձայն է, որ բանավեճի ձևաչափը որոշեն Կոնգրեսի ներկայացուցիչները, ինքը` որպես Հայ ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականում ընդգրկված ԱԺ պատգամավորի թեկնածու, պատրաստ է բանավիճել Հայրապետյանի հետ երկուշաբթի` ապրիլի 16-ին, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերում:

«Հիշեցնելով, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանը կողմերի համաձայնության պարագայում պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նման բանավեճ, կոչ եմ անում դա անել ս/թ ապրիլի 16-ին, երկուշաբթի օրը, ժամը 22.00-ին: Նշված օրը եւ ժամին կլինեմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում և ասուլիսում Ռուբեն Հայրապետյանի արած հայտարարություններին կպատասխանեմ ուղիղ եթերի ընթացքում, այդ հայտարարությունների հեղինակի ներկայությամբ», – հայտարարել էր Փաշինյանը:

Tekali Taxi