Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ընկերությանը տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:
Համաձայն քաղաքապետի որոշման` «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:
Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մաշտոցի պուրակ և հորդորել Տարոն Մարգարյանին ապամոնտաժել այգում տեղադրված կրպակները:
«Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև մարդկանց սեփականության իրավունքի հետ կապված հարցերում: Այո՛, չի կարելի անօրինականությամբ օրինականություն հաստատել: Եվ չի կարելի անօրինական գործողություններով հարմարավետություն ստեղծել: Ամեն ինչ շատ ճիշտ ես արել: Ճիշտ ես վարվել նաև այն առումով, որ ժամանակավոր որոշում ես կայացրել: Փաստորեն, 2-3 տարում այստեղից պետք է հանվեր այս ամբողջը, բայց, Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ: Նորից եմ կրկնում՝ քաղաքապետարանը շատ արդյունավետ է աշխատել: Ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չէ, և լավ կլինի, որ ձևը գտնես, այս ամենն ապամոնտաժեք: Սա կլինի շատ ճիշտ որոշում: 2-3 տարի այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել», իսկ մենք ասել ենք, որ ամբողջ Երևանում աչք շոյող կառույցներ պետք է լինեն, կրկնում եմ՝ օրինական ճանապարհով», – ասել էր Սերժ Սարգսյանը: