Home / Հայաստան / ՀԱԿ-ում տպավորություն կա, որ Զաքարյանն ընդունել է կեղծված ընտրությունների լեգիտիմությունը (թարմացված)

ՀԱԿ-ում տպավորություն կա, որ Զաքարյանն ընդունել է կեղծված ընտրությունների լեգիտիմությունը (թարմացված)

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարություններից հետո ինչ-որ առումով սպասելի էր Աշոտ Զաքարյանի հայտարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը հայտարարել է իր պարտականությունների,  ինչպես նաև ՀԱԿ-ում քաղաքական գործունեության դադարեցման մասին:

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց Աշոտ Զաքարյանի հայտարարությունից` կապված Կոնգրեսի 7%  արդյունքի հետ, որ նա իրական է համարում Հայաստանում այս տոտալ կերպով կազմակերպված  կեղծված ընտրությունների օրինականությունը: Սա «Հանրապետություն» կուսակցության երկրորդ ներկայացուցչի հայտարարությունն էր,  միգուցե, վաղը, մյուս օրը ևս լինեն մեկ-երկու հայտարարություններ, բայց դրանք, ըստ էության, նույն դեպքին են առնչվում, այնպես որ, ավելի շատ լրատվական ինֆորմացիոն իրադարձություններին են միտված: Ես կարող եմ միայն ասել, որ մենք հարգում ենք Աշոտ Զաքարյանի որոշումը, բայց  նաև կուզեի ավելացնել, որ որևէ կերպ չեն հիմնավորվում այն մեղադրանքները, որոնք նա հասցեագրում է ՀԱԿ-ին: Նախ, ինչպես նշեցի, տպավորություն է  ստեղծվում, թե Աշոտ Զաքարյանն իրական է  համարում կեղծված խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, և  երկրորդ` միասնական շտաբում մեր համագործակցությունը այլ քաղաքական  ուժերի հետ եղել է բացառապես մեկ հարցի շուրջ` դա ընտրությունների օրինականության վերահսկման խնդիրն էր, և որևէ այլ հարցում  այդ ուժերը չեն համագործակցել: Ես  հույս ունեմ, որ սա ժամանակավոր շփոթ  է և միայն կարող եմ բարի ճանապարհ մաղթել Աշոտ Զաքարյանին»,- ասել է  Արման Մուսինյանը:

Կոնգրեսի մամուլի խոսնակը նաև ասել է, որ ՀԱԿ-ը իր ռազմավարությունն ընդունել է, և շարժվելու է  առաջ այդ ռազմավարությամբ, և որևէ անհամաձայնություն այդ ռազմավարության ընդունման ժամանակ Աշոտ Զաքարյանը` գոնե որպես տարածքային կառույցի ղեկավար, պաշտոնապես չի բարձրաձայնել:

Ինչ վերաբերում է նրան, թե այլ կուսակցություններ ևս հաջորդեն «Հանրապետություն» կուսակցությանը, Արման Մուսինյանն ասել է, որ այս պահին նման խնդիր չունեն և նման խնդիրներն իրենց չեն մտահոգում:

Մուսինյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ը «Հանրապետություն» կուսակցության շարքերում ունի բազմաթիվ համակիրներ: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԱԿ Գյումրիի տարածքային կառույցի համակարգողի պաշտոնակատար է նշանակվել Մուրադ Գրիգորյանը:

Tekali Taxi