Home / Հայաստան / ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժը քննադատում է իշխանություններին և ընդդիմությանը

ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժը քննադատում է իշխանություններին և ընդդիմությանը

Մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են ահաբեկման ու վախի մթնոլորտում, իսկ վարչախումբը օգտագործել է իր ողջ ընտրակեղծիքների տեխնոլոգիաների զինանոցը, ասված է ընդդիմադիր ՀԱԿ-ի մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարության մեջ, որում քննադատության է ենթարկվում նաև ընդդիմությունը:

«Ժողովրդավարական հայրենիքը», մասնավորապես, նշում է կեղծիքների հետևյալ մեխանիզմները.

«Հասկանալով, որ 2007թ-ից օգտագործվող կեղծ անձնագրերի մեխանիզմը որոշակիորեն բացահայտված է, միաժամանակ, երկրից բացակայող ընտրազանգվածն այս ընտրություններին մասնակցեց անձնագրերում գոլորշացող թանաքի օգնությամբ:

Նշված տեխնիկական հնարքի և այլ կեղծիքների արդյունքում ընտրությունների մասնակիցների թիվը, հօգուտ կոալիցիոն կուսակցությունների, ավելացան առնվազն 500.000-ով:

Ընտրակաշառքը, լինելով վարչախմբի մշտական զինանոցում, երբեք այսպիսի ծավալներով չէր կիրառվել:

Ընտրություններին իրական մասնակից շուրջ մեկ միլիոն, ընտրողներից առնվազն 80%-ը  ընտրատեղամասեր է տեղափոխվել արդեն ընտրակաշառքը վերցրած, որին նախորդել էր ամիսներ շարունակ ընտրողների անձնագրային տվյալների և անձնագրերի հավաքագրումը:

Վերոնշված գործընթացի նախաձեռնողն էին կոալիցիոն ուժերը` ՀՀԿ, նրա կցորդ ՕԵԿ, ԲՀԿ` համատեղ քրեածին տարրերի ակտիվ մասնակցությամբ:

Դատախազության ու ոստիկանության այսպես կոչված «պայքարը» ընտրակաշառքի դեմ` միջազգային հանրության ու դիտորդների համար ընտրությունների անցկացման թատերականցված նրբերանգներից էր»:

Կուսակցությունն իր հայտարարության մեջ նշում է, որ 2012թ. մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների վարչախմբի կողմից թելադրված գործընթացին  մասնակցեց նաև ընդդիմությունը, որը «Հրազդանի քաղաքապետի ընտրությունից որևէ հետևություն չարեց, չկարողացավ իրավիճակը փոխել, և վարչախմբին պարտադրել անցկացնել իրական ընտրություններ»:

«Ավելին` ընդդիմությունը մասնակցեց ընտրակեղծիքների դեմ միասնական շտաբի աշխատանքներին, որի նախաձեռնողներից մեկը ընտրակաշառք բաժանող իշխանական կոալիցիոն ուժն էր:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, չընդունելով 2012 թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների  արդյունքները, գտնում է, որ գործող վարչախումբը անաղմուկ ձևով ՀՀ հասարակությանը փորձում է վերջնականապես զրկել ընտրելու իրավունքից:

Երկրի ճակատագրով մտահոգ քաղաքական ուժերի այլընտրանքը` իրավիճակի ճշգրիտ գնահատումն ու նոր ուժային կենտրոնի ձևավորումն է, որը մինչև ընտրության օրը պետք է վարչախմբին պարտադրի հրաժարվել ընտրակեղծիքի մեխանիզմից և վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi