2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Դահլիճը չտրամադրեցին. Թեղուտի խնդրին վերաբերող ֆորումը չի կայանա

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից այսօր նախատեսված «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորումը չի կայանա: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆորումը հետաձգվել այն պատճառով, որ Ամերիկյան համալսարանը մերժել է դահլիճ տրամադրել կազմակերպիչներին:

«Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ, տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը:

Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել:

Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեկստ ունեցող հարցերի քննարկումը», - նշում է նախաձեռնության անդամները:

Նրանք հավելում են, որ փոխարենը համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր հայտարարության մեջ հետևյալ հարցադրումներն է առաջ քաշում.

• Արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները
• Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը
• Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար
• Արդյո՞ք Հայաստանում ուսանղությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը

Նախաձեռնությունը խոստանում է ավելի ուշ տեղեկացնել ֆորումի անցկացման մանրամասների մասին:

Լուսանկարը` aua.am