Home / Հայաստան / Փակ շուկայի ճակատագրով մտահոգվածներին կոչ են անում հավաքվել ու որոշել անելիքները

Փակ շուկայի ճակատագրով մտահոգվածներին կոչ են անում հավաքվել ու որոշել անելիքները

Երեկ ուշ երեկոյան Facebook սոցիալական ցանցում տասնյակ օգտատերեր սկսեցին ահազանգել այն մասին, որ քանդում են Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» տանիքը: Այսօր արդեն սոցցանցում ստեղծվել են մի շարք խմբեր` ի պաշտպանություն շուկայի շենքի:

«Շարունակվում է վանդալիզմը Գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի հանդեպ: Չնայած պաշտոնայների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել: Ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», – ահազանգում են «Փրկենք փակ շուկան» խմբի հեղինակները:

Նախաձեռնողները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են շենքի ճակատագրով, ժամը 13.00-ին հավաքվել շենքի մոտ և միասին որոշել հետագա անելիքները:

Փակ շուկան գնել է ՀՀԿ-ական  պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ով մտադիր է «Երևան սիթի» սուպերմարկետ կառուցել շենքի ներսում:

Հիշեցնենք, որ շենքի քանդման աշխատանքներ տարվել են դեռ հունվարին, ինչին անմիջապես արձագանքել են մի քանի կազմակերպություններ` նամակով դիմելով վարչապետին և խնդրելով միջամտել և թույլ չտալ Երևանի կոթողներից մեկը դառնա սուպերմարկետ:

1952 թվականին կառուցված Փակ շուկայի շենքը  2004 թվականին ընդգրկվել է Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում` 152 համարի տակ: Հուշարձանների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է հուշարձանների վրա փոփոխություններ անել կամ տեղափոխել դրանք, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց սպասվում է փլուզում չտեղափոխելու դեպքում:

Լուսանկարը` Mamikon Simonyan օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից

Tekali Taxi