Home / Հայաստան / Դոլարն իր նախկին գնին չի վերադառնա, համոզված է տնտեսագետը

Դոլարն իր նախկին գնին չի վերադառնա, համոզված է տնտեսագետը

ՀՀ Կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է դրամի ներարկումներ անել, ինչի արդյունքում վիճակը կարող է կայունանալ: Անդրադառնալով դոլարի բարձրացման միտմանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվարկային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը:

Տնտեսագետի խոսքով` դոլարը չի վերադառնա այն կետին, որից սկսել է բարձրանալ,իսկ նախկին գնին վերադառնալը մեր շահերից չի բխում, եթե մենք ուզում ենք զարգացնել արտահանման շուկան:

Մնացականյանն ասել է, որ դոլարի բարձրացման համար կան ներքին և արտաքին պատճառներ: Ներքին գործոնը, ըստ տնտեսագետի, սեզոնային է. ամառը առաջանում է արտարժույթի պահանջարկ, քանի որ մեծ թվով մարդիկ նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել արտերկրում: Այն հարցին, թե ընտրություններին շրջանառված գումարների և դոլարի բարձրացման միջև որևէ կապ չի տեսնում, Մնացականյանը պատասխանել է, թե այն, ինչ կատարվում է դոլարի հետ, քաղաքական գործոններով չի պայմանավորված:

«Արտաքին գործոնը կապված է նավթի գնի հետ, չորս շաբաթ է նավթի գները միջազգային շուկայում իջնում են», – ասել է Մնացականյանը` հավելելով, սակայն, որ հունիս- հուլիս ամիսներին նավթի գները կբարձրանան, այսինքն` արտաքին  գործոնը դրամի արժեզրկման վրա շուտով կվերանա:

«Տեղական սպառողներին հետաքրքրում է գնաճը, ինչը կառավարելու համար Կենտրոնական բանկն ունի զսպման մեխանիզմ` պահպանելու համար մինչև 4.5%»,- ասել է Մնացականյանը` խորհուրդ տալով սպառողներին նորմալ վերաբերվել դոլարի գնի աճին, դրամով ներդրումներ անել փորք կամ միջին բիզնեսի մեջ կամ դրամով ավանդ տալ, քանի որ  դրամի տոկոսադրույքները բարձր են:

Tekali Taxi