Home / Հայաստան / ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը

ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է նոր գումարման ԱԺ-ի առաջին նիստը

2012 թվականի մայիսի 6-ը` Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտման և երկրում ժողովրդավարության հաղթանակի օր դառնալու փոխարեն նշանավորվեց պետականորեն կազմակերված և ընտրակեղծարարության ծավալով իր նախադեպը չունեցող կեղծված խորհրդարանական ընտրություններով: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության այսօր կայացած առաջին նիստում ընդունված հայտարարության մեջ:

«Մայիսի 31-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունը ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային Ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ և արդար ընտրություններով», – ընդգծում են հայտարարության հեղինակները:

Նրանք նշում են, որ Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին:

«Միևնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային Ժողովի աշխատանքներին և մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային Ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար», – եզրափակում են ՀԱԿ պատգամավորները:

Հիշեցնենք, որ Կոնգրեսը խորհրդարանում ներկայացնելու են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Tekali Taxi