Home / Հայաստան / Հայաստանի հավաքականը պարտվեց այնտեղ, որտեղ կարող էր հաղթել. հերոսը՝ Ռոման Բերեզովսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի հավաքականը պարտվեց այնտեղ, որտեղ կարող էր հաղթել. հերոսը՝ Ռոման Բերեզովսկի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 31-ին ավստրիական Կուֆշտայն քաղաքում կայացած Հունաստան-Հայաստան ընկերական ֆուտբոլային հանդիպումը երկակի տպավորություն թողեց: Չնայած Հայաստանի հավաքականը խնդիրներ ուներ պաշտպանությունում և գոլային պահերի իրացման առումով, սակայն մեր ընտրանին ապացուցեց, որ ունակ է ոչ միայն հավասար պայքար մղել աշխարհի ուժեղագույն թիմերի դեմ, այլ նաև կարող է հաղթել նրանց:

Հունաստանի հետ խաղում առաջին 35 րոպեները ձախողելուց հետո Վարդան Մինասյանի թիմը դեռևս առաջին կեսում հավասարեցրեց խաղը, իսկ երկրորդում պարզապես ուժեղ էր մրցակցից: Եվ դա չնայած այն հանգամանքի, որ Եվրոպայի առաջնության մասնակիցը երկրորդ կեսում չիրացրեց երկու 11-մետրանոց հարված և մեկ հիանալի գոլային պահ: Երեք դեպքում էլ փայլեց Հայաստանի հավաքականի վետերան Ռոման Բերեզովսկին: Առաջին 11-մետրանոցի դեպքում նա որսաց գնդակը Յորղոս Սամարասի հարվածից հետո, երկրորդի ժամանակ հետ մղեց Կոստաս Կացուրանիսի հարվածը: Եվս մեկ դրվագում որսաց գնդակը, երբ մրցակիցը հարվածում էր մոտ տարածությունից:

Նշենք, որ երկու 11-մետրանոցներն էլ ավստրիացի մրցավար Ալեքսանդր Հարկամը չափազանց կասկածելի իրավիճակներում նշանակեց: Այնուամենայնիվ, դա չի ազատում պատասխանատվությունից Հայաստանի ընտրանու պաշտպանությանը, որը մի քանի ձախողումներ թույլ տվեց, մասնավորապես, գոլի ժամանակ, երբ 24-րդ րոպեին առանց հսկողության մնացած Կիրյակոս Պապադոպուլոսը տուգանային հրապարակի սահմաններից գլխով հարված կատարեց:

Չնայած վատ մեկնարկին, Հայաստանի ընտրանին երկրորդ խաղակեսում վերջնականապես սկսեց տնօրինել խաղի ընթացքը: Երևում էր, որ ֆուտբոլիստները առաջնությունների ավարտից հետո դադար են վերցրել և որոշակիորեն դուրս են մնացել խաղային ռիթմից, սակայն միևնույնն է պահերը Հունաստանի հավաքականի դարպասի մոտ ստեղծվում էին մեկը մյուսի հետևից: Այլ հարց, որ վերջին հարվածը չէր ստացվում Մարկոսի, Գևորգ Ղազարյանի, Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի մոտ:

Վերջինս հատկապես անհաջող գործեց. երևում էր, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը լավ խաղային տոնուսի մեջ չէ: Հունաստանի ընտրանու պաշտպանությունը դիմադրում էր գրոհներին մեծ դժվարությամբ, իսկ երբ մեր թիմը սկսում էր պրեսինգի դիմել, պարզապես ճեղքեր էր տալիս: Երկրորդ խաղակեսում հույները միայն հակագրոհում էին՝ օգտագործելով պաշտպանությունում ստեղծված բաց գոտիները, բայց, ինչպես արդեն նշեցինք, փայլուն ֆուտբոլ խաղաց Ռոման Բերեզովսկին:

Նման երկրորդ խաղակեսի պարագայում 0:1 հաշվով պարտությունը, իհարկե, անտրամաբանական է, սակայն ինչ-որ չափով ուսուցողական: Այնուամենայնիվ, Հայաստանի հավաքականը կրկին անգամ ցույց տվեց, որ կայացած խաղ ունի, և ֆուտբոլիստների ավելի լավ վիճակում գտնվելու պարագայում հույները հաստատ չէին հաղթի: Իսկ այդ թիմը, հիշեցնենք, մի քանի օրից մասնակցելու է Եվրո-2012-ի բացման հանդիպմանը:

Tekali Taxi