Home / Հայաստան / ՀՀ վարչապետն ասել է` ինչու Հայաստանում չի կիրառվում կոռուպցիայի դեմ պայքարի վրացական փորձը

ՀՀ վարչապետն ասել է` ինչու Հայաստանում չի կիրառվում կոռուպցիայի դեմ պայքարի վրացական փորձը

Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու Վրաստանի կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված փորձը չի կիրառվում Հայաստանում: ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS), որից հետո պատասխանել է քաղաքագետների ու լրագրողների հարցերին:

«Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն և միգուցե ավելի ցավոտ: Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր և աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն», – ասել է Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով` կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում պետք է սկսվի վերևից.

«Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց և եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը: Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը»:

Tekali Taxi