«Պատկերացրեք երկու գլխավոր հրամանատարների, որոնք ամեն օր մի քանի զինվոր են կորցնում: Նկատեք, զինվորները զոհվում են այն դեպքում, երբ ակտիվ ռազմական գործողություններ են տեղի ունենում: Եվ հենց այդ ժամանակ, նրանց մոտ է ժամանում արտասահմանից ինչ-որ մեկը և խնդրում է ուժ և սպառնալիքներ չկիրառել: Մի՞թե ինքը` Քլինտոնը չի հասկանում, որ պատերազմի մեկնարկի ծրագիրն արդեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սեղանին է»,- Vesti.Az-ի փոխանցմամբ` նախօրեին նման կարծիք է հնչել ամերիկյան WNWI առցանց ռադիոկայանի եթերում:
«Իհարկե, Պետդեպը կարող է աղաչել Քլինտոնին ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն անգամ ԱՄՆ-ում հասկանում են, որ այսօր Լեռնային Ղարաբաղի խնդիրների պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է ցանկացած պահի սկսվել»,-նշել է ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, ով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդիրը ռազմական լուծում չունի: Այսօր`հունիսի 6-ին Քլինտոնը Ադրբեջանում կլինի: Դիվանագետը խոստացել է ԼՂՀ խնդիրը և վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը քննարկել նաև Ադրբեջանում:
Հունիսի 5-ի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունները մամլո հաղորդագրություն էին տարածել միևնույն միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել հունիսի 4-ի` լույս 5-ի գիշերը` Տավուշի և Ղազախի շրջանների սահմանին: Հաղորդագրություննները տարբերվում էին միայն ադրբեջանական կողմում զոհերի քանակով` 5 զինծառայող:
Հայկական կողմը նշում էր, որ հայ դիրքապահների զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ադրբեջանական դիվերսիոն խումբը, և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել է 15-20 հոգանոց խումբը: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հաղորդում էր, որ Ղազախի շրջանի Աշաղի Ասքիփաղա գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականների կողմից հայտնաբերվել է ադրբեջանական դիրքեր մուտք գործել փորձած հայ զինծառայողների խումբ:
Այս անգամ հայկական կողմից զոհեր չկային, մինչդեռ հունիսի 4-ին Հայաստանում ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով 3 զինծառայող էր զոհվել. ևս 5-ը վիրավորվել էին: Երկու երկրների ռազմական գերատեսչությունները մեղադրում են միմյանց հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիոն գործողությունների իրագործման մեջ: