Home / Հայաստան / Աշոտյանը բացատրել է` ինչու են միավորում Ապարանի ֆիզմաթ դպրոցը

Աշոտյանը բացատրել է` ինչու են միավորում Ապարանի ֆիզմաթ դպրոցը

Կառավարության որոշումը մնում է անփոփոխ և Ապարանի ֆիզմաթ դպրոցը միավորվում է Ապարանի ավագ դպրոցին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Ապարանում գործում են երկու դպրոցներ` Ապարանի ավագ դպրոցը և Ֆիզմաթ դպրոցը, որոնք կրթություն էին իրականացնում այդ տարիքային խմբում: Ֆիզմաթ դպրոցում աշակերտների թիվը քիչ էր, և, գնալով նվազում էր, իսկ Ապարանի ավագ դպրոցում ստեղծված էին լավ շենքային, գույքային հագեցվածության պայմաններ», – ասել է Աշոտյանը` հավելելով, որ նոր դպրոցը լինելու է ֆիզմաթ թեքումով, այսինքն` ֆիզմաթ կրթության ավանդույթները Ապարանում պահպանվելու են::

Նա նշել է, որ իրենք  հնարավորություն են ստեղծում երեխաների համար ավելի լավ կրթության, որովհետև պայմանների խնդիր կար, աշակերտների նվազման խնդիր կար: Բացի դա, նրա խոսքով` ֆիզմաթ դպրոցի մանկավարժներն աշխատանքից չեն զրկվելու:

«Ինչ վերաբերվում է այն շահարկումներին, որ գյուղերից գալիս են երեխաներ, ապա կրթության պայմանները ստեղծվելու են նաև նոր ավագ դպրոցում, իսկ ընդամենը հինգ գիշերող երեխա կար, որ գալիս էր և մնում էր հանրակացարանային համալիրում: Նրանց խնդիրները նույնպես կփորձենք լուծել եղած տարածքների հաշվին»,- հավելել է ԿԳ նախարարը:

Մենք զրուցել ենք նաև Ապարանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Մանվել Պետրոսյանի հետ, ով նշել է, որ կառավարության այդ որոշման հետ և’ աշակերտները, և’ նրանց ծնողները, և’ ուսուցիչները համաձայն չեն:

Պետրոսյանի խոսքով` ինքը դեմ չէ, որ Ապարանի ավագ դպրոցի շենքային պայմանները լավն են, բայց, իր կարծիքով, միավորման դեպքում ֆիզմաթ կրթույթունը կտուժի:

«Նախագահին (ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին) ենք խնդրել, որ ինքը միջամտի, բայց արդյունքները դեռ չկան: Նախընտրական հանդիպման ժամանակ նախագահն  այստեղ էր եկել, երբ ծնողները մոտեցան, պատմեցին այդ խնդրի մասին: Նա ասաց, որ երկու դպրոցները չեն խանգարում իրար` կարգադրելով, որ հարցը նշվի: Հիմա չգիտեմ, քննարկել են, թե չեն քննարկել, սպասում ենք», – ասել է Մանվել Պետրոսյանը:

Tekali Taxi