Home / Հայաստան / Գնաճի ցուցանիշը կայուն է, հարկերը լավ են հավաքագրվում, պնդում է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը

Գնաճի ցուցանիշը կայուն է, հարկերը լավ են հավաքագրվում, պնդում է ֆինանսների նախարարի պաշտոնակատարը

Վերջին 5 ամսվա կտրվածքով Հայաստանում գրանցվել է գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը:

«Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս:

Եթե անդրադառնանք պետական բյուջեի ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։

Եթե նայենք ծախսերին, ապա դրանք կազմում են 341 միլիարդ դրամ։ Ունեցել ենք 9.5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար ծրագրել էինք ավելի մեծ դեֆիցիտ, սակայն այն ավելի փոքր է, քանի որ ունենք տոկոսային եկամուտների 3 միլիարդ դրամի ավելացում։ Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն ընթացքում, որը եղել է նախորդ տարիների հետևանքով։ Եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ Դրա հետևանքով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9.5 միլիարդ դրամի շրջանակում է», – մասնավորապես, ասել է Գաբրիելյանը։

Tekali Taxi