Home / Հայաստան / Եվրո 2012-ը մեկնարկում է. այսօր կկայանան ամենթույլ խմբի խաղերը

Եվրո 2012-ը մեկնարկում է. այսօր կկայանան ամենթույլ խմբի խաղերը

Հունաստանում այսօր միակ լուսավոր կետը ֆուտբոլն է, գրում են եվրոպացի մարզական վերլուծաբանները: Կամ կարող է լուսավոր կետ դառնալ, եթե այսօր Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլային առաջնության բացման խաղում Հունաստանի ընտրանին կարողանա հաղթել դաշտի տերերին` Լեհաստանին:

Նախադեպը կա. 2004 թվականին Եվրոպայի առաջնության բացման խաղում Հունաստանը զարմացրեց բոլորին` պարտության մատնելով ֆավորիտ համարվող դաշտի տերերին` պորտուգալացիներին: Նույնը կրկնվեց նաև եզրափակիչում, և Հունաստանն ամենաանհավանական Եվրոպայի չեմպիոնը դարձավ:

Այսօր երբ Հունաստանում տնտեսական խորը ճգնաժամ է, իսկ գործազրկությունը հասել է 21%-ի, ֆուտբոլը մնում է ուրախանալու գրեթե միակ պատճառը:

Չնայած կարելի է համեմատություն անցկացնել 2004 թվականի հետ, սակայն այս անգամ հույներին միանշանակ ավելի դժվար է լինելու: Եվ դա անգամ հաշվի առնելով այն փաստը, որ նրանք հայտնվել են օբյեկտիվորեն ամենաթույլ խմբում` Լեհաստանի, Ռուսաստանի և Չեխիայի հետ: Բայց մասնագետների գնահատմամբ, հույները կարող են պարտվել բոլոր երեք խաղերում, քանի որ այս պահին չունեն ոչ մի հաղթաթուղթ, որը կարող էր մրցաշարից առաջ ստիպել ավելի բարձր գնահատել իրենց հնարավորությունները: Հունաստանի հավաքականը միջակ թիմ է, և միայն հանգամանքների բացառիկ դասավորվածությունը կարող է օգնել հույներին դուրս գալ խմբից:

«Մենք կարող ենք երաշխավորել մի բան` մենք պայքարելու ենք մեր ֆիզիկական կարողությունների և մտավոր ունակությունների ողջ չափով հանդիպման յուրաքանչյուր րոպեի ընթացքում», – իր թիմի մասին խոսելով` ասել է Հունաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը: Սա թերևս հույների լավագույն գնահատականն է. պայքարելու ցանկություն կա, բայց որքան կներեն կարողությունները…

Ուշագրավ է, որ բուքմեյքերները ֆավորիտ են համարում Լեհաստանի ընտրանուն, չնայած այս թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 62-րդն է, իսկ Հունաստանը զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Լեհերը շատ վստահ են մոտենում մրցաշարին: Թիմն ընդգծված առաջատար ունի յուրաքանչյուր գծում` դարպասապահ Շչեսնի, պաշտպան Լուկաշ Պիսչեկ, կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկի, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկի: Լեհաստանում կարծում են, որ իրենց թիմը պարտավոր է դուրս գալ խմբից, թեև քննադատություն էլ հնչում է: Ֆուտբոլային մասնագետներից կան ոմանք, ովքեր դժգոհ են այն հանգամանքից, որ թիմում ընդգրկվել են ֆրանսիացիներ Լյուդովիկ Օրբանյակը և Դամյեն Պերկիսը, որոնք իրենց արմատներում` առաջինը հորական կողմից, իսկ մյուսը` մորական, լեհեր ունեն: Այնուամենայնիվ, ավելի շատ են այն մարդիկ, ովքեր համոզված են, որ Օրբանյակն ու Պերկիսը օգտակար կլինեն թիմի համար:

Վարշավայում կայանալիք Լեհաստան-Հունաստան բացման խաղից հետո երկրպագուներին սպասվում է ևս մեկ հանդիպում` Ռուսաստան-Չեխիա: Այս խաղում ֆավորիտը Ռուսաստանն է, սակայն չեխերն էլ բավական ամուր թիմ ունեն և կարող են անհարմարություններ պատճառել մրցակցին: Նշենք, որ Ռուսաստանը Հայաստանի հավաքականի մրցակիցն է եղել նախորդ ընտրական փուլում, իսկ Չեխիայի հետ խաղալու ենք աշխարհի առաջնության ընտրական փուլում, այնպես որ, հայաստանցիները համեմատելու հնարավորություն կունենան:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումները հեռարձակվելու են Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ: Խմբային մրցաշարի առաջին երկու տուրերի խաղերը սկսվելու են 20:00-ին և 22:45-ին, երրորդ տուրից սկսած` միայն 22:45-ին:

Այսօրվա հանդիպմանը նախորդելու է կարճատև բացման արարողություն:

Tekali Taxi