Home / Հայաստան / Եվրո-2012. «Նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում հետաձգվեց

Եվրո-2012. «Նարնջագույն հեղափոխությունը» Ուկրաինայում հետաձգվեց

Հունիսի 9-ին Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկեց նաև Ուկրաինայում: Մահվան՝ B խմբի հանդիպումներն անցան, ինչպես և սպասվում էր, անզիջում պայքարում: Խաղերից առաջինում՝ Խարկովի «Մետալիստ» ստադիոնում, Հոլանդիայի ընտրանին հանդիպում էր Դանիային: Մինչ խաղը Խարկովը, ինչպես նաև հետագայում ստադիոնի տրիբունաները ներկվել էին նարնջագույն գույնով՝ հոլանդացի երևկրպագուներն ավելի շատ էին դանիացիներից: Սակայն «նարնջագույն հեղափոխությունը» չկայացավ. չնայած Հոլանդիան հանդիպման ֆավորիտ էր համարվում, դանիացիները գիտեին՝ ինչպես խաղալ աստղերով լի, սակայն ոչ այդքան համակարգված ընտրանու հետ:

Մեկնարկային գրոհները հետ մղելուց հետո՝ Դանիան մեկ-երկու վտանգավոր հակագրոհ կազմակերպեց, և դրանցից մեկի ժամանակ Կրոն-Դելին իր վրա վերցրեց խաղը, ներխուժեց տուգանային հրապարակ և գնդակը դարպասապահ Ստեկելենբուրգի ոտքերի միջով ուղարկեց դարպասը:

Այդ պահից ի վեր սկսվեցին հոլանդացիների որևէ բան փոխելու անհույս ճիգերը: «Նարնջագույնները» բազմաթիվ հարվածներ էին հասցնում մրցակցի դարպասին, սակայն հիմնականում դրանք շեղ էին, իսկ 2-3 իրական գոլային պահերը նրանք չօգտագործեցին: Այդ դրվագներում իրեն հիանալի դրսևորեց դանիացիների դարպասապահ Ստեֆան Անդերսենը, ով, մասնավորապես, հետ մղեց Վան Պերսիի և Հունտելաարի մոտ տարածությունից վտանգավոր հարվածները:

Դանիացիները պահպանեցին հաղթանակ հաշիվը՝ ցույց տալով, թե ինչպես համակարգված թիմային խաղով կարելի է առավելության հասնել աստղային, սակայն անկազմակերպ հավաքականի նկատմամբ:

Օրվա երկրորդ խաղում ֆավորիտ համարվող Գերմանիան նույնպես լուրջ խնդիրներ ունեցավ Պորտուգալիայի դեմ:

Գերմանացիները ողջ հանդիպման ընթացքում ընդամենը 1 գոլային պահ ստեղծեցին և իրացրեցին այն 73-րդ րոպեին՝ Մարիո Գոմեսը բարձրից փոխանցում ստացավ տուգանային հրապարակում և գլխով անկասելի հարված կատարեց:

Պորտուգալիան շատ ավելի լավ տպավորություն թողեց՝ լարված խաղում 3-4 պահ ստեղծելով, սակայն գերմանացիներին օգնության էին հասնում դարպասաձողը, պաշտպաններն ու դարպասապահ Մանուել Նոյերը:

B խմբում առաջին տուրի հանդիպումներից հետո իրավիճակն անկանխատեսելի է մնում. այստեղ յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին, ու, հավանաբար, երկրորդ տուրի խաղերից հետո էլ պարզություն չի լինի:

Այսօր Եվրո-2012-ը դիմավորում է C խմբի թիմերին: Երևանի ժամանակով 20:00-ին կմեկնարկի Իսպանիա-Իտալիա ինտրիգային հակամարտությունը, իսկ 22:45-ին Իռլանդիան կհանդիպի Խորվաթիային:

Լուսանկարները՝ AFP և AP

Tekali Taxi