Home / Հայաստան / «Պադվալով բանկային համակարգ». գործարարը պնդում է, որ 16 ծառ օրինական է հատել

«Պադվալով բանկային համակարգ». գործարարը պնդում է, որ 16 ծառ օրինական է հատել

Երևանի Շիրազի 10 հասցեի բնակիչ, գործարար Արսեն Մկրտչյանը, ով հունիսի 6-ին ծառահատում է իրականացրել Շիրազի 14  հասցեի հարակից բակում, վստահեցնում է, որ նշված 100 քմ-անոց տարածքն իր սեփականությունն է և ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, ու այդ մասին տեղյակ են նաև Երևանի քաղաքապետարանում:

Հիշեցնենք, որ երեկ այդ հասցեում բնակվող մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ` նշելով, որ 1,5 տարի առաջ Մկրտչյանն ապօրինաբար իրենցից խլել է բակային կանաչ տարածքին ու ոչնչացրել տարածքի 16 դեկորատիվ ու մրգատու ծառերը:

Epress.am-ի հետ զրույցում Մկրտչյանն ասել է, որ 2008 թվականին ինքը դիմել է  քաղաքապետարան՝ տարածքը սեփականաշնորհելու նպատակով, ստացել  համապատասխան սեփականության իրավունք ու այժմ պատրաստ է տրամադրել  դրանք հաստատող վկայականն ու  անհրաժեշտ փաստաթղթերը:

«Ամեն ինչ արել եմ օրինական ձևով, ծառերն էլ լրիվ օրինական եմ կտրել, դիմել եմ  քաղաքապետարանին, ասել եմ, որ սա իմ օրինական տարածքն ա, ու իրենք ասել են` ըտենց օրենք չկա, որ քո օրինական տարածքի մեջ դու ոչ մի բան չկարանաս անես: Օրինական ձևով էդ տարածքը հատկացրել են ինձ, հիմա էլ ես շինթույլտվություն եմ հանել ու աշխատում ենք դրա վրա», – ասել է Մկրտչյանը:

Նշենք, որ Շիրազի 14 հասցեի բնակիչները երեկ Epress.am-ի հետ զրույցում պնդել են, որ Մկրտչյանը կեղծել փաստաթղթերը սեփականաշնորհման ժամանակ: Նրանք, մասնավորապես, ասել են, որ բակի այգում թիթեղյա 5 քմ-անոց տնակ կար, որը դիտվել է որպես 20 քմ-անոց քարե շինություն և սեփականշնորհման իրավունքով տրամադրվել է Մկրտչյանին կից հողատարածքի հետ միասին, մինչդեռ, ըստ բնակիչների, օրենքով սահմանված 20 քմ-ից պակաս շինությանը սեփականության վկայական չի տրամադրվում:

«Տնակը 5 քմ-ց ավել է եղել ու կողքերը ժեշտից հավաքած բաներ են եղել: Ո՞նց կլինի՝ էդ մարդիկ գան, գծագրեն (նկատի ունի չափագրողներին-խմբ.), ու իրանք ավել գրեն կամ պակաս, ըտենց բան ո՞րտեղ ա գրած, որ կարանաս ամեն ինչ անես: Հիմա բնակիչները գալիս բողոքում են, ամեն ինչ էլ կարան ներկայացնեն, թե տնակն 5 քմ է: Դուք առաջվանը չեք տեսել, քանդված վիճակում եք տեսել», – ասել է Մկրտչյանը:

Նշենք, որ բնակիչները Epress.am-ին տրամադրել են տնակի հետևյալ լուսանկարը և պնդել, որ առաջին օրվանից տնակն այդ տեսքն է ունեցել:

Epress.am-ի հարցին, թե ի՞նչ է կառուցվելու բակում ծառերի հատումից հետո, Մկրտչյանը պատասխանել է՝ հասցեն դուք լավ էլ գիտեք, գնացեք, շինթույլտվության  նկարը դեմը խփած ա:

«Ըտեղ կառուցվելու ա երկու հարկանի պլյուս պադվալով բանկային համակարգ՝ պայմանագրերն արդեն կապել եմ», – այնուամենայնիվ, բացատրել է Մկրտչյանը` որ միայն իր համար չէ անում, այլ աշխատատեղեր է ստեղծում:

Անդրադառնալով բնակիչների մտահոգությանը, թե կառուցվող շինությունը խանգարելու է իրենց բնակարանների լուսավորությանը` Մկրտչյանն ասել է, որ նախագծի հաստաման ժամանակ իրեն ասել են, որ այդտեղ շինությունը ոչ մեկին չի խանգարի:

Tekali Taxi