Home / Հայաստան / Դիտորդի դեմ քրեական գործ է հարուցվել. ընտրություններից առաջ հարվածել էին նրա դեմքին

Դիտորդի դեմ քրեական գործ է հարուցվել. ընտրություններից առաջ հարվածել էին նրա դեմքին

Հունիսի 12-ին Շենգավիթի ոստիկանության քննչական բաժնի հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) ավագ քննիչ Կամո Շառոյանը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ), ինչպես նաև որոշում է կայացրել որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ ապրիլին 30-ին Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան բնակիչ` Տիգրան Մանուկյանը, և սկսել է  բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով:

«Հետաքրքիրն այն է, որ նախքան քրեական գործ հարուցելն Արման Վեզիրյանին հարվածած Տիգրան Մանուկյանը հայտնել էր, թե իբր Վեզիրյանն իրեն նույնպես հարված է հասցրել, սակայն միայն 1 ամիս անց Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցն իր միջնորդությամբ պահանջել է քննիչից, որպեսզի Տիգրան Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քր. օրենսգրքի 149-րդ հոդվածը (դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասված է Հելսինկյան ասոցիացիայի հայտարարության մեջ:

Կազմակերպությունը նշում է, որ միջնորդությունն անհիմն մերժվել էր առանց որևէ պատճառաբանության, փոխարենը մեղադրանք էր առաջադրվել Արման Վեզիրյանին:

Նինա Կարապետյանցը համոզված է, որ, Վեզիրյանի կարգավիճակը փոխելով տուժողից մեղադրյալի, դատախազությունը և ոստիկանությունը փորձում են հոգեբանական ճնշում գործադրել և այսպիսով ստիպել Վեզիրյանին հրաժարվել իր բողոքից:

«Այս երևույթը մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանում արվում է ամեն ինչ, որպեսզի ավելորդ անգամ չքննարկվի ընտրությունների ընթացքի հետ կապված որևէ երևույթ», – իր հայտարարությունը եզրափակում է Հելսինկյան ասոցիացիան:

Tekali Taxi