Home / Հայաստան / Ջերմուկի քաղաքապետն ընտրում է տուրիզմը, ոչ թե հանքը. նամակ «Գեոթիմին»

Ջերմուկի քաղաքապետն ընտրում է տուրիզմը, ոչ թե հանքը. նամակ «Գեոթիմին»

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը կոչ է անում «Գեոթիմ» ընկերությանը Ջերմուկ քաղաքում առկա խնդիրները շահարկելու փոխարեն, չշեղել հասարակության ուշադրությունը հաքնարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրին և ՀՀ բնակչությանը հասցվող վնասներից:

Հովհաննիսյանն իր բաց նամակում նշում է, որ «Գեոթիմը», որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքը, պետք է զբաղվի սեփական գործունեությունից բխող ռիսկերի պարզաբանմամբ և պատասխանի  ժողովրդի անհանգստությանն ու փորձագետների հարցերին:

Հիշեցնենք, որ Ջերմուկից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ամուլսարում ոսկու հանքի շահագործման ծրագիր ներկայացրած «Գեոթիմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել` հորդորելով Ջերմուկի քաղաքացիներին զբաղվել Ջերմուկի խնդիրների լուծմամբ:

««Գեոթիմ» ընկերության գործունեությունը Ջերմուկ քաղաքին կանգնեցնելու է էլ ավելի մեծ խնդիրների առջև, իսկ նույն ընկերության կողմից քաղաքային աղբավայրի, ավազահանքի և քարհանքի առկայության հետևանքով առաջացող վտանգների շահարկումները համեմատելի չեն իր իսկ գործունեությունից բխող ռիսկերի հետ», – ասել է քաղաքապետը:

Նա նշում է, որ Ամուլսարի բաց հանքի պայթեցումներից հարուցած ցնցումների մակերեսային գնահատումը, ըստ շինություններին հասցվող հնարավոր վնասների, չի կարող երաշխավորել հանքային աղբյուրների հիդրոդինամիկ ռեժիմի անվտանգությունը, քանի որ նման հետազոտություն արված չէ:

Ջերմուկի քաղաքապետարանը նաև պահանջում է Բնապահպանության նախարարությունից Ջերմուկ համայնքը համարել հանքին ազդակիր համայնք, ինչը արված չէ, թեև Ջերմուկը գտնվում է հանքից 12 կիլոմետր հեռավորության վրա:

Քաղաքապետը նշել է, որ Ջերմուկ քաղաքում զբոսաշրջության զարգացման համար մեծ ներդրումներ են արվում,  որոնք քաղաքի համար ունեն կենսական նշանակություն և երկարաժամկետ բնույթ, սակայն դրանք ի չիք կդառնան հանքի շահագործման դեպքում:

Tekali Taxi