Home / Հայաստան / Ադրբեջանի հարձակումները վարչախմբի ազգադավ քաղաքականության հետևանք են, պնդում են ազատամարտիկները

Ադրբեջանի հարձակումները վարչախմբի ազգադավ քաղաքականության հետևանք են, պնդում են ազատամարտիկները

Վերջին տարիների քրեաօլիգարխիկ վարչախմբի վարած ազգադավ քաղաքականության հետևանքով մեր երկիրը հայտնվել է պատերազմի շեմին` տարածաշրջանում դառնալով գերտերությունների սպասարկող գործիք: Այս մասին ասված է Գևորգ Ալիխանյանի և Մնացական Մուրադյանի` Գյումրիի մի խումբ ազատամարտիկների անունից տարածած հայտարարության մեջ:

«Սրընթաց թանկացումները, գործազրկությունը, ծայրահեղ աղքատությունը, երկրի ընդերքի անխնա թալանը, աղետալի չափերի հասնող արտագաղթն ահավոր ձևով քայքայում են մեր երկիրը, գերշահույթ բերելով  ռեժիմին: Այս ամենն  իր բացասական հետևանքն է թողնում ինչպես Արցախի հիմնահարցի կարգավորման խնդրի, այնպես էլ Հայաստանի գոյատևման և զարգացման վրա: Ազատամարտիկների այրամբ, հայ ժողովրդի զրկանքների գնով ստեղծված, Արցախը ազատագրած, տարածաշրջանում երբեմնի մարտունակ բանակ ունեցող, հաղթանակած երկիրը` այսօր հանցագործ իշխանությունների և կոռումպացված գեներալների շնորհիվ հայտնվել է թույլի և պարտվողի կարգավիճակում: Բանակն իր բուն նպատակին ծառայելու փոխարեն ռեժիմը այն օգտագործում է սեփական ժողովրդին ճնշելու համար` սպասարկելով սեփական շահերը», – նշում են ազատամարտիկները:

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ անհայտ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները ուժասպառ են լինում` բախվելով իշխանությունների դռները, պահանջելով մահվան դեպքերի արդար բացահայտում, որին ռեժիմը պատասխանում է ստանդարտ արտահայտություններով «Ինքնասպանություն» կամ «Դիպուկահարի կրակոց»` խնամքով  թաքցնելով իրականությունը:

«Վերջին մեկ ամսվա ադրբեջանական հարձակումները Հայաստանի և Արցախի սահմանների վրա վկայում են այն մասին, որ թշնամին զգացել է մեր երկրի թուլությունը և հետախուզական մարտերի միջոցով շոշափում է Արցախի և Հայաստանի սահմանները, որի հետևանքով զոհվում է հայ զինվորն ու գյուղացին: Ավազակապետությունը օգտվելով ժողովրդի անտարբերությունից, ընտրակաշառքներով ու համակարգված ընտրակեղծիքներով բռնազավթելով իշխանությունը, կազմակերպված ձևով բարոյալքում են ժողովրդին ու բանակը: Արդյունքում վտանգված է ՀՀ անվտանգությունը», – նշված է հայտարարության մեջ:

Գյումրիի ազատամարտիկները դիմում են հասարակությանը, քաղաքական և հասարակական  գործիչներին, մտավորականությանը` կոչ անելով հանուն  Հայաստանի  Հանրապետության, հանուն հայ զինվորի ու Արցախի` վերջ տալ հանցավոր անտարբերությանն  ու քաղաքական ինտրիգներին, որոնք կործանում են երկիրը:

«Միայն ակտիվ պայքարի միջոցով կկարողանանք ազատվել ռեժիմից ու սաստել թշնամուն:  Սա մեր երկիրն է, հանցագործ իշխանությանը չէ: Մենք  և մեր երեխաներն են ապրելու մեր երկրում, միայն սրտացավ ու համախմբված պայքարի միջոցով, առանց օլիգարխների, հանցավոր իշխանությունների ու կոռումպացված գեներալների կկարողանանք վերակենդանացնել ու  զարգացնել մեր երկիրը: Այլապես շարունակելով հանցավոր անտարբերությունն ու հանդուժողականությունը, մենք կդատապարտվենք կործանման, ինչի համար պատմությունը մեզ չի ների», – եզրափակում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi