Home / Հայաստան / Գերմանիայից կրած պարտությունից հետո Հոլանդիան դեռ պահպանում է հույսերը

Գերմանիայից կրած պարտությունից հետո Հոլանդիան դեռ պահպանում է հույսերը

Անցել են այն ժամանակները, երբ անգամ եթե Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը հաղթում էր Հոլանդիային, երկրպագուները ավելի տպավորված էին մնում վերջինիս խաղով: Եվրո-2012-ի շրջանակներում B խմբում կայացած Գերմանիա-Հոլանդիա հանդիպումն ապացուցեց, որ այս պահի դրությամբ գերմանացիները ուժեղ են մրցակցից բոլոր ֆուտբոլային գործոններով:

Հոլանդիայի համար խաղն այնքանով էր կարևոր, որ թիմը պարտության դեպքում հաջորդ փուլ դուրս գալու միայն տեսական հնարավորություններ կպահպաներ: Ավելի ակտիվ հանդիպումը սկսած հոլանդացիները շատ արագ կորցրեցին աշխուժությունը և դեռևս առաջին կեսում 2 գնդակ բաց թողեցին: Գոլերի հեղինակ դարձավ Մարիո Գոմեսը, ով խփած 3 գնդակով ռուսաստանցի Ալան Ձագոևի հետ առայժմ գլխավորում է լավագույն ռմբարկուների աղյուսակը: Բացի Գոմեսի գեղեցիկ գոլերից, Գերմանիայի ընտրանին ևս մի քանի պահ ստեղծեց, սակայն հաջող էր գործում դարպասապահ Մաարտեն Ստեկելենբուրգը:

Երկրորդ խաղակեսում Հոլանդիայի հավաքականի մարզիչ Բերտ վան Մարվիյկը խաղադաշտ դուրս բերեց Կլաաս-Յան Հունտելաարին և Ռաֆայել վան դեր Վաարտին, սակայն դա շատ քիչ օգնեց իր թիմին: Գերմանացիներն ավելի վստահ էին զգում և շարունակում էին պահեր ստեղծել, սակայն չէին իրացնում դրանք:

Երկրորդ խաղակեսի խճանկարում բավական անտրամաբանական էր 73-րդ րոպեին Ռոբին վան Պերսիի գնդակը, որը անհատական անցման և միջին տարածությունից հարվածի արդյունք էր: Թվաց` Հոլանդիան պետք է ավելի ոգևորվի, սակայն գերմանացիները պարզապես նվաստացրեցին մրցակցին` վերցնելով և այլևս հոլանդացիներին չվերադարձնելով գնդակը: Վան Մարվիյկի թիմը հաշված անգամներ անցավ հակառակորդի կիսադաշտը. գերմանացիներն այնքան վստահ էին պահում գնդակը, որ թվում էր` թիմերի միջև կարգերի ահռելի տարբերություն կա:

Չնայած մեկնարկային երկու խաղերում էլ Հոլանդիան պարտություն է կրել, բայց թիմը դեռևս պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, քանի որ Պորտուգալիայի ընտրանին դրամատիկ պայքարում հաղթեց Դանիային: Պորտուգալացիներն առջևում էին 2:0 հաշվով, դանիացիները առաջին խաղակեսում կրճատեցին տարբերությունը, իսկ 80-րդ րոպեին հավասարեցին այն: Սակայն 87-ին փոխարինման դուրս եկած Սիլվեստր Վարելային հաջողվեց հաղթանակ բերել Պորտուգալիային, որի կազմում անհաջող խաղաց Կրիշտիանու Ռոնալդուն` երկու հիանալի պահ չիրացնելով:

Այժմ, եթե վերջին տուրում Հոլանդիան հաղթի Պորտուգալիային երկու գնդակի տարբերությամբ, իսկ Գերմանիան պարտության մատնի Դանիային, ապա հոլանդացիները քառորդ եզրափակիչ կսողոսկեն: Սակայն, հաշվի առնելով, Հոլանդիայի հավաքականի ներկայիս վիճակը, դա չափազանց դժվար է պատկերացնել:

Tekali Taxi