Home / Հայաստան / Քաղաքապետարանում բողոքող բնակիչների խնդրին ծանոթ էին. հաջորդ հանդիպումը` հինգշաբթի

Քաղաքապետարանում բողոքող բնակիչների խնդրին ծանոթ էին. հաջորդ հանդիպումը` հինգշաբթի

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի 3 բնակիչներ պայմանավորվածության համաձայն, այսօր հանդիպել են Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանին ու Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու դժգոհ մնացել հանդիպման արդյունքներից: Ինչպես Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գայանե Եղիազարյանը, պաշտոնյաները բնակիչներին թույլ չեն տվել խոսել ու ներկայացնել իրենց բողոքը:

Երկուշաբթի Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի մոտ ու պահանջել են պատասխան տալ, իրենց պնդամամբ, կեղծ հիմքերով 1 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանի անօրինական գործողությունների վերաբերյալ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտ ամսին Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր 8 օր առաջ` հունիսի 6-ին:

Եղիազարյանի խոսքով՝ քաղաքապետարանում տեղյակ են եղել իրենց խնդրի մասին ու նույնիսկ հեգնանքով ասել են.

«Լավ, լավ, պարզ է, ձեր բողոքին մենք ծանոթ ենք, բայց մենք ի՞նչ կարող ենք անել»:

Բնակիչները հակադարձել են, թե, գործը դատարանում գտնվելով հանդերձ, շինթույլտվություն է ձեռք բերվել:

Եղիազարյանը նշել է, որ Հրաչյա Մուրադյանը խոստացել է, ճշտել՝ արդյո՞ք իր գրությունից հետո է ձեռք բերվել շինթույլտվությունը, ու հորդորել է իրենց տուն գնալ:

«Փետրվարի 15-ին Մուրադյանը մեր դիմումին պատասխան էր ուղարկել, որ հաշվի առնելով ճարտարապետական նորմերի պահպանումը՝ տարածքում շինթույլտվություն չի տրվել», – պատմել է Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է տարածքի ապօրինի սեփականաշնորհմանն ու իրականացված ծառահատումներին, ապա այս թեմայով բնակիչները չեն կարողացել պարզաբանումներ ստանալ:

«Երբ ցանկացա պարզել իրենց կարծիքը ծառահատումների վերաբերյալ, մասնավորապես, երբ ասացի, որ մենք մի տարի է պահանջում ենք, որ կասեցվի, ու սեփականատերը պնդում է, թե քաղաքապետարանում տեղյակ են այդ մասին, Մուրադյանը ձայնը բարձրացրեց, թե՝ ընկերուհի՛, ձեր էմոցիաները տարեք ձեր շենքում ու բակում արտահայտեք, մեր հարցազրույցն ավարտված է: Ես ասում եմ՝ բացեք, կայքում կարդացեք, թե ո՞վ է սեփականատերը, ասում են՝ մեզ չի հետաքրքրում, էդքան էական չէ, իսկ ինչ վերաբերում է ձեր պահանջին՝ անվավեր ճանաչել սեփականության որոշումը, ապա մենք իրավասու չենք, գնացեք ձեր դատարանով հարցը լուծեք», – պատմել է Եղիազարյանը:

Քաղաքապետարանի աշխատակիցները հաջորդ հանդիպումը նշանակել են հաջորդ հինգշաբթի և խոստացել տեղեկացնել հաջորդ քայլերի մասին:

Tekali Taxi