Home / Հայաստան / Ղարաբաղում արդեն քարոզարշա՞վ է. նախագահի թեկնածուն բողոքում է

Ղարաբաղում արդեն քարոզարշա՞վ է. նախագահի թեկնածուն բողոքում է

Արցակի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը այսօր նամակ է ուղղել հանրապետության ներկա նախագահ Բակո Սահակյանին, որում ասված է, որ Արցախում քարոզաշավը դեռ չսկսած՝ վարչական շրջանների ղեկավարները սկսել են նախընտրական քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ:   Նախագահի թեկնածուն հայտնել է նաև, որ ինքը և իր թիմակիցները չեն հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր են ձեռնարկելու:

«Տեղեկացնում եմ Ձեզ, որ այսօր տեղի է ունենում ընտրությունները վարկաբեկող գործընթաց, ինչը պատիվ չի բերում մեր երկրին, որը խնդիր ունի վերականգնելու իր միջազգային հեղինակությունը: Արցախի բոլոր շրջանների վարչակազմերի ղեկավարները, խախտելով օրենքը, սկսել են նախընտրական քարոզարշավը: Այդ գործում ընդգրկված են նաև շրջանային տարբեր ծառայությունների ղեկավարներ: Վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը վտանգ է ներկայացնում մեր հասարակության համար:

2005 թվականից ի վեր անցկացված ընտրություններում իշխանություններն ամենատարբեր ընտրախախտումների հարուստ փորձ են կուտակել, մասնավորապես, բացի վերոնշյալից, նկատի ունենք քաղաքականության մեջ իրավապահ և անվտանգության մարմինների անօրինական ներգրավումը, ընտրացուցակների ուռճացումը, քաղաքացիների վրա զանազան ճնշումները և այլն: Սա բերել է հասարակության մեջ լուրջ հիասթափությունների, ընտրական համակարգի նկատմամբ անվստահության և երկրի միջազգային վարկանիշի նվազման»,- գրել է Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանը նամակը տեղադրել է Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 19-ին Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Առաջադրվել է չորս թեկնածու` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Ագրարային համալսարանի ղարաբաղյան մասնաճյուղի պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը և գործազուրկ Վալերի Խաչատրյանը:

Tekali Taxi