Home / Հայաստան / «Հարսնաքարում» ծեծված ռազմական բժշկի կյանքին վտանգ է սպառնում. հարուցվել է քրգործ

«Հարսնաքարում» ծեծված ռազմական բժշկի կյանքին վտանգ է սպառնում. հարուցվել է քրգործ

Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին «Ա1+»-ին հայտնել է հոսպիտալի բժշկուհիներից մեկը: Նրա խոսքերով` 34-ամյա Վահեի կյանքի համար պայքարում է հոսպիտալի գրեթե ողջ անձնակազմը, գիշերը նրան վիրահատել են, սակայն կյանքին սպառնացող վտանգն առկա է:

Վահե Ավետյանը գլխուղեղային լուրջ տրավմա է ստացել հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Նրա հետ է եղել նաև նրա գործընկեր Արտակ Բայադյանը, ով ևս գլխուղեղային վնասվածք է ստացել և ում վիճակը  կրկին ծանր է, սակայն 32-ամյա Արտակի կյանքին վտանգ չի սպառնում:

Շրջանառվող տեղեկություններով, զինվորական բժիշկներին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել օրենսգրքի՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով: Առայժմ ձերբակալվածներ չկան:

Tekali Taxi