Home / Հայաստան / Գագիկ Բեգլարյանը պատասխանեց իր քայլի համար. ՀՀԿ-ական պատգամավոր

Գագիկ Բեգլարյանը պատասխանեց իր քայլի համար. ՀՀԿ-ական պատգամավոր

Խնդիրների լուծման համար միշտ չէ, որ անհրաժեշտ են նոր կադրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության նոր կազմին:

«Կարևոր և հրատապ խնդիրների լուծման համար այն կազմը, որ գործում էր, իր առաքելությունը կատարեց: Չեմ կարծում, որ նոր խնդիրներն անպայմանորեն պահանջում են ռադիկալ բարեփոխումներ կառավարության կազմում»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում News.am-ը:

Անդրադառնալով Կառավարության նոր կազմում փոփոխություններից մեկին՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին՝ Տրանսպորտի և կապի նախարար նշանակվելուն, Մինասյանն ասել է, որ վերջինս ունի բավականին մեծ աշխատանքի փորձ և այդ պաշտոնում ինքն իր պարտականությունները շատ հաջող է  կատարելու:

«Երևանի քաղաքապետ եղած ժամանակ նա դրսևորել է բավականին լուրջ կազմակերպչական կարողություններ: Այն խնդիրները, որոնք դրված են իր առաջ՝ որպես կառավարության անդամ, կկատարի արդյունավետ»,- ասել է պատգամավորը:

Հարցին, թե կարելի՞ է սա համարել Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկությունից և որոշակի դաստիարակչական աշխատանք կատարելուց  հետո վերադարձ, նա պատասխանել է. «Ցանկացած գործչի գործունեության ընթացքում հնարավոր են խնդիրներ, սակայն միաժամանակ, մենք պետք է խնդրին նայենք ավելի լայն: Եթե մարդն ընդունակ է և կրեց պատասխանատվություն իր քայլի համար, պետք է թույլ տանք արտահայտել իր ընդունակությունները»,- ասել է Գագիկ Մինասյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարելի՞ է սա համարել խրախուսանք՝ Գագիկ Բեգլարյանին ընտրություններում ներդրման, բերած ձայների համար, պատգամավորը արձագանքեց. «Անլուրջ մտքեր եք արտահայտում»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին:

Tekali Taxi