Home / Հայաստան / ԲՀԿ-ն ԱԺ-ում դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. ձեռքները ծալած չեն նստելու

ԲՀԿ-ն ԱԺ-ում դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին. ձեռքները ծալած չեն նստելու

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն իր այսօրվա նիտում որոշել է, որ դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին, որը վաղը ներկայացվելու է խորհրդարանի դատին, հայտնում է aravot.am-ը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված սույն որոշումը, հատկապես ո՞ր կետերն են, որ չեն բավարարում ԲՀԿ-ականներին, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասել է. «Ինքս, որպես ԱԺ պատգամավոր, մեկ հարց բարձրացրեցի. ծրագրի ռիսկերի մասում, ասել է թե՝ իրականացման վերապահումների մասում, օրինակ, բերված են մի շարք կետեր, այդ թվում նաև դոլարի փոխարժեքի փոփոխությունը, բարձրացումը, գունավոր մետաղների գների անկումը, նավթի գների տատանումը: Վստահաբար ուզում եմ նշել մեկ բան, ի դեպ, իմ կարծիքը կիսում են նաև փորձագետները, դոլարի փոխարժեքը միանշանակ փոխվելու է, և վերլուծությունները ցույց են տալիս, որ փոխվելու է հօգուտ դոլարի: Դա նշանակում է, որ ավելի հանրամատչելի ձևակերպեմ, կառավարությունը սևով սպիտակի վրա գրել է, որ այդ ծրագիրը չի իրականացնելու, որովհետեւ ռիսկերում նշված են այն կետերը, որոնք ապագայում հենց այդպես էլ լինելու են: Ցանկացած ողջամիտ վերլուծություն դա է ցույց տալու: Եվ եթե այդպես էլ լինելու է՝ լավն է, թե՝ վատը այդ ծրագիրը, արդեն իսկ անիմաստ է քննարկել, քանի որ կառավարությունն արդեն իսկ վերապահում ունի՝ շա՜տ հավանական է, որ դա չենք իրականացնելու»:

ԲՀԿ-ն բազմաթիվ հարցեր է ներկայացնելու կրթության ոլորտի, էներգետիկ անվտանգության մասով, արտաքին հարաբերությունների, երիտասարդական քաղաքականություն հետ, որոնք առաջիկա քննարկումների ժամանակ կներկայացվեն:

Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ իրենք ձեռքները ծալած չեն նստելու, ներկայացնելու են այլընտրանքային նախաձեռնություններ բոլոր վիճելի կետերի մասով: Ի դեպ, բացի կառավարության «անիրատեսականությունից», ԲՀԿ-ում չեն վստահում նաև այն կաբինետին, որը որ պետք է իրականացնի դա:

Հարցին՝  վաղը ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է քաղաքական հայտարարությամբ ամրագրել իր տեղը քաղաքական դաշտում, Ուրիխանյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն իր տեղն արդեն ամրագրել է քաղաքական դաշտում եւ ամրագրում է ամենօրյա իր գործունեությամբ: Մենք ֆուտուրիզմի հետևից չենք ընկնելու, չենք կարևորելու ձևը՝ բովանդակության փոխարեն, մեր բոլոր քայլերով և գործողություններով ապավինելու ենք ժողովրդի, հասարակության գնահատականին, թե ԲՀԿ-ն քաղաքական դաշտում ինչ տեղ է զբաղեցնում: Մենք հստակ այլընտրանք ենք»:

Tekali Taxi