Home / Հայաստան / «Ուզում եմ հավատալ, բայց չգիտեմ` ում». ինչպես է ընթանում Արման Վեզիրյանի գործի քննությունը

«Ուզում եմ հավատալ, բայց չգիտեմ` ում». ինչպես է ընթանում Արման Վեզիրյանի գործի քննությունը

Շենգավիթի քննչական բաժնի Հատուկ կարևոր գործերով ավագ քննիչ Կամո Շառոյանի կողմից կայացված որոշումը` կապված Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործի հետ, անհիմն է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Արման Վեզրիյանի փաստաբան Նինա Կարապետյանցը:

Նա հիշեցրել է, որ այս տարվա մայիսի 25-ին ինքը միջնորդություն է ներկայացրել Շառոյանին քարոզարշավի ընթացքում Արման Վեզիրյանին հարվածած Տիգրան Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս արարքը պարունակում է ոչ միայն ՀՀ քրեական օրենգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ /Ծեծ/, այլ նաև ՀՀ քրեական օրենգրքի 149 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ /Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը/:

Մայիսի 30-ին Շառոյանի կողմից որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին:

«Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102 հոդվածի 3-րդ կետի. «Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված»: Միանշանակ` քննիչ Շառոյանի կողմից կայացված որոշումը անհիմն էր, և բացակայում էր որևէ հիմնավորում և /կամ/ պատճառաբանություն», – ասել է Կարապետյանցը:

Վերջինս հունիսի 1-ին դիմել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազին` խնդրելով  վերացնել Կամո Շառոյանի միջնորդությունը մերժելու մասին որոշումը և Տիգրան Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնել ՀՀ քրեական օրենգրքի 149 հոդվածով:

«Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական  Ա.Առաքելյանը դատախազությանը բնորոշ աշխատելաոճին համապատասխան, նույն օրը պատասխան է ներկայացնում բողոքիս վերաբերյալ և բնականաբար մերժում այն:

Հետաքրքրականն է այն է, որ ես բողոք էի ներկայացրել հունիսի 1-ին` օրվա երկրորդ կեսին և փաստորեն պատասխանը պատրաստ էր եղել նույն օր, փաստորեն այն համոզմունքը, որ ներկայացված բողոքները անգամ չեն քննարկվում և մերժվում են «ոտքի վրա» ևս մեկ անգամ հաստատվել է: Հետաքրքրականն նաև այն է, որ, չգիտես ինչու, բողոքի պատասխանը մեզ է փոխանցվել հունիսի 19-ին առձեռն քննիչ Շառոյանի  կողմից:

Գործը հարուցելուց մոտ մեկ ամիս անց` հունիսի 12-ին,  նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով մեղադրանք է առաջադրվել միջադեպի առթիվ ոստիկանություն բողոք ներկայացրած Արման Վեզիրյանին:

Այդ որոշման դեմ ևս բողոք եմ ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի դատախազին` խնդրելով վերացնել Շենգավիթի Շառոյանի կողմից Արման Վեզիրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մասին որոշումը: Որպես բողոքի հիմնավորումներ ներկայացվել են, մասնավորապես, հետևյալ փաստարկները.

Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել մեղադրյալ Մանուկյանի և նրա «գերդաստանի» ցուցմունքների հիման վրա:

Գնահատելով Տ.Մանուկյանի ստացած վնասվածքը` ՀԿԳ ավագ քննիչ  Կ. Շառոյանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերջինիս դեմքին արձանագրվել են վնասվածքներ «ձախ ճակատային շրջանի քերծվածքների, արյունազեղման ձևով»: Այո, իսկապես փորձագետը նշում է, որ հարվածը հացվել է բութ գործիքով, բայց արդյո՞ք բութ գործիք հանդիսացող ձեռքի հարվածից կարող էին քերծվածքներ առաջանալ: Բնականաբար` ոչ: Իսկ հաշվի առնելով այն հանգանանքը, որ Մանուկյանը նախաքննության ամբողջ ընթացքում պնդում էր, որ նա հարևանի տանը վերանորոգում էր իրականացնում, և ավելին` միջադեպից անմիջապես հետո էլ շարունակել է իր կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքները, փաստորեն այս արյունազեղմանև հատկապես  քերծվածքների ձևով ստացված վնասվածքները կարող էին առաջանալ հենց վերանորոգման աշխատանքների արդյունքում:

Եվ վերջապես, վերլուծելով Վեզիրյանին մեղադրանք առաջադրելու  մասին որոշման և ՀՀ Քրեական  օրենսգրքի 118 հոդվածի նկարագրական  մասերը, հստակ երևում է,  որ եթե ագամ ենթադրենք, որ Վեզիրյանը մեկ անգամ հարվածել է Մանուկյանի դեմքին, ապա նշված գործողությունը չի կարող գնահատվել և որակվել որպես ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշները պարունակող գործողություն այն պարզ պատճառով,  որ օբյեկտիվ կողմից ծեծը կարող է դրսևորվել միայն մի քանի հարված հասցնելու ձևով: Մեկ հարվածի հացնելը չի կարող որակվել որպես ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշները պարունակող գործողություն:

Մեկ հարվածի դեպքում մեղադրանք կարող էր առաջադրվել միմիայն այն դեպքում, եթե տուժողի մոտ առաջացրել է գոնե առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սա դասագրքային ճշմարտություն է, որը պարտավոր է իմանալ ցանկացած ուսանող», – ասել է Կարապետյանցը` ընդգծելով, որ հունիսի 19-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Ա. Առաքելյանը մերժել է նաև այս բողոքը:

«Ստանալով այս երկու բողոքները` համեմատեցինք դրանք, և, ինչպես մանկական խաղում, փորձեցինք գտել գոնե 7 տարբերություն բովանդակության մեջ:

Տարներությունը ամսաթվերն էին և «տուժող Վեզրյանի ներկայացուցիչ Ն.Կարապետյանց»` մի դեպքում և «մեղադրյալ Վեզրյանի պաշտպան Ն.Կարապետյանց»` երկրորդ դեպքում: Մնացած ամբոջ տեքստը տառ առ տառ արտատպված էր մեկը մյուսից, ավելին համոզված եմ, որ դրանք էլ, իրենց հերթին, արտատպված էին նախկինում նույն դատախազի կողմից այլ գործերով տված պատասխաններից: Սա է մեր վերահսկողության ֆունկցիա ունեցող դատախազության աշխատելաոճը:

Ինչ կարելի է այս պարագայում պահանջել շարքային քննիչից: Ուզում եմ հավատալ, բայց չգիտեմ` ում», – եզրափակել է Կարապետյանցը:

Հիշեցնենք, որ ապրիլին 30-ին Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան բնակիչ` Տիգրան Մանուկյանը, և սկսել է  բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել 118 հոդվածով:

Tekali Taxi