Home / Հայաստան / Եզդի մայրը որոշել է ապաստան խնդրել Ֆրանսիայից. պաշտոնյաները պնդում են` նրա որդին վիրահատության ենթակա չէ

Եզդի մայրը որոշել է ապաստան խնդրել Ֆրանսիայից. պաշտոնյաները պնդում են` նրա որդին վիրահատության ենթակա չէ

2011 թվականի սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված ավազակային հարձակումներ իրականացնող հանցավոր խմբավորման գործով ձերբակալված ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամ Ամոյանի մայրը՝  Կարինե Ամոյանը պատրաստվում է իր ընտանիքին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ամոյանի մայրը, ով նշել է, որ այդ որոշումն ընդունել է այսօր, երբ տեղեկացել է, որ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության բաժնում մերժվել է իր խնդրանքը` թույլ տալ 10.000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել իր որդուն, որից հետո ինքը կզբաղվի նրա բուժմամբ:

«ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ Հովսեփ Փանոսյանը խոստացել էր ամենաշատը 3 օրվա ընթացքում պատասխան տալ ու այսօր այդ պատասխանը բացասական եղավ: Տիկին Աիդան ասաց, որ մերժել են  գրավի դիմաց տղայիս բուժման տանելու իմ խնդրանքը, այնինչ ես հավատում էի, որ մեր նախագահը ինձ չի մերժի: Եթե մինչ այս ես մտածում էի, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէ ու հույս էի փայփայում, որ տեղյակ լինելու դեպքում անպայման կընդառաջի, ապա այժմ ես որևէ հույս չունեմ, սարսափելի վիճակում եմ հայտնվել», – ասել է Ամոյանը:

Մայրը նաև նշել է, որ որդուն «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, այնինչ, մոր խոսքով, տղայի առողջականը վիճակը ծայրահեղ ծանր է:

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներից մեկը, ով ծանոթացել էր տղայիս բժշկական փաստաթղթերին, ասել է, որ Քյարամի վիճակը շատ ծանր է ու ինսուլտը ամեն րոպե կարող է կրկնվել: Ինձ թույլ չեն տալիս տեսակցել որդուս, անորոշ վիճակում եմ հայտնվել: Միակ քայլս ապաստան խնդրելն ու այս երկրից հեռանալն է, հոգնել եմ անօրինություններից», – ասել է Ամոյանը:

Epress.am-ի թղթակցի հետ զրուցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից հայտնել են, որ Քյարամ Ամոյանը դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոցից», որովհետև նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

«Բազմաթիվ  հետազոտություններ են արվել, այդ թվում նաև ուղեղի  համակարգչային տոմոգրաֆիա: Ամեն ինչ նորմալ է ու նա ենթական չէ վիրահատության, այդ իսկ պատճառով էլ նպատակահարմար են գտել, որ Ամոյանը տեղափոխվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մի քանի օր է` ինքն անվերջ հետազոտվում է ու բոլոր արդյունքները դրական են եղել: Փաստաթղթերը կան ու փաստում են, որ Ամոյանը վիրահատության ենթական չէ», – հայտնել են քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայությունից:

Tekali Taxi