Home / Հայաստան / Վահե Ավետյանի ուղեղում նոր հեմատոմա են հայտնաբերել. վիճակը ծայրահեղ ծանր է

Վահե Ավետյանի ուղեղում նոր հեմատոմա են հայտնաբերել. վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 34-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այսօր համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) նրա գանգուղեղի անցանկալի հատվածում նոր հեմատոմա (արյան կուտակում հյուսվածքներում-խմբ.) է հայտնաբերել: Այս մասին Epress.am-ի թղթակցին հայտնել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բժիշկներից մեկը:

«Ոչ մի հուսադրող ու լավ բան չկա: Ճիշտ է, ուղեղի այտուցը  երկրորդ վիրահատությունից հետո չի մեծացել, բայց օրենքով էլ հեմատոման չպետք է լիներ: Այն կա ու արդեն վտանգավոր է: Հիմա կորոշվի տակտիկան, եթե կլինի դեղորայքային ներծծման շանսը, կարվի դեղորայքային բուժում, եթե ոչ՝ ապա շատ հնարավոր է, որ նորից վիրահատական միջամտություն արվի», – ասել է բժիշկը՝ շեշտելով, որ վիճակը սպասողական է և ոչ ոք այս պահին ոչինչ ասել չի կարող:

Նա հավելել է, որ հոսպիտալում իրենք անում են հնարավոր ամեն բան՝ իրենց գործընկերոջը ծայրահեղ ծանր վիճակից դուրս բերելու համար:

Հիշեցնենք, որ միջադեպի ընթացքում ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկներ Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Վահե Ավետյանը տեղափոխվել էին վերոնշյալ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Tekali Taxi