հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թեքալիի գործընթաց. երբ հայ-ադրբեջանական խնդրին միջամտելու են հասարակ մարդիկ

Թեքալիի գործընթաց. երբ հայ-ադրբեջանական խնդրին միջամտելու են հասարակ մարդիկ

Այնքան էլ հեշտ չի լինում Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի միջոցառումներին ներկա գտնվելը, անգամ, եթե դրանք կազմակերպվում են Ադրբեջանից և Հայաստանից հավասար հեռավորության վրա գտնվող վրացական Թեքալի գյուղում: Երևանցի զեկուցողներն ու լրագրողները տեղ էին ժամանում Նոյեմբերյանով, որտեղ էլ գիշերել էին: Առավոտյան տաքսու վարորդներն ու նրանց տերերը հերթով սկսեցին հրաժարվել մասնակիցներին Վրաստան փոխադրելու նախնական պայմանավորվածությունից:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը նման երևույթի հետ է բախվում: Արդեն երկու տարի է, ինչ նրան թույլ չեն տալիս Հայաստանում Ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել: Նոյեմբերյանցի տաքսիստների նման, այս ողջ ընթացքում տարբեր տարածքների սեփականատերեր պայմանավորվում են (այդ թվում՝ գրավոր) Վանյանի հետ վարձակալության շուրջ, իսկ ավելի ուշ «վերևից եկող ճնշումների» տակ հրաժարվում են պայմանավորվածությունից:

Այդուհանդերձ, ելքը գտնվեց. մեր խմբի մի մասը մեքենայով հասավ սահման, անցավ այն ոտքով և մեկնեց ադրբեջանցիներով բնակեցված Թեքալի գյուղ տեղական մեքենաներով: Մյուսներին տեղ հասցրեցին նոյեմբերյանցիները և Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղի բնակիչները. երևում է՝ մշտական կրակոցների տակ ապրող այս մարդկանց դժվար է  ահաբեկել:

Թեքալի հասանք ուշացումով: Ադրբեջանի սահմանի մոտ գտնվող գյուղերի` Ղազախի, Գյանջայի, Բաքվի, Թբիլիսիի, Մարնեուլի տասնյակ բնակիչներ արդեն տեղավորվել էին բացօթյա իմպրովիզացված սրահում:

Այս անգամ քաղաքացիական լսումներին քննարկվում էր «Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. որքանով է իրատեսական հասարակության միջամտությունը»: Թեմայի շուրջ ելույթ ունեցան.

-Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի փորձագետ Ալի Աբասովը:

-Ղազախի տարածաշրջանային զարգացման ռեսուրսների Հասարակական միության անդամ Մահերամ Ջոյուշօղլուն:

-«Բիզիմ Յոլ» (Նոր ճանապարհ) թերթի լրագրող Նաթիգ Ջավադլին

-Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ծրագրերի համակարգող Լուիզա Պողոսյանը

-Epress.am կայքի խմբագիր Յուրի Մանվելյանը

-փորձագետ, ֆիզիկոս Սամվել Իսրայելյանը

 

Թեժ բանավեճեր տեղի չունեցան: Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նույնանման կերպով էին արտահայտվում, քանի որ նրանց համար «հրադադարի ռեժիմի խախտում», «դիվերսիա», «կորուստներ», «համարժեք արձագանք», «համաչափ պատասխան» տերմինները ամենօրյա սպառնալիքն ու հարազատների և ծանոթների մահն է, դա սերմը ցանելու և բերքը հավաքելու անհնարինությունն է, դա ամեն շշուկից արթնանալու և արտագաղթի մեջ երեխաների համար առավել լավ ապագա ապահովելու հույսով խավարի մեջ ապրելուն սովորելն է:
Եվս մեկ հանգամանք շահեկանորեն տարբերում էր Թեքալիի հանդիպումը շատ հայ-ադրբեջանական ծրագրերից. ելույթ ունեցողներից ոչ ոք իր վրա չէր վերցնում իշխանությունների քաղաքականության ուղեկցորդի դերը, հանդես չէր գալիս նախագահների, նախարարների և քարոզչությամբ զբաղվողների դիրքերից: Հավաքվածների ելույթները, թվում էր, ուղղված չէին հակառակ կողմի «ընդդիմախոսներին», այլ առավելապես սեփական անձի և «յուրայինների» դեմ նախևառաջ: Սահմանի վրա վերջին սպանությունները ակնհայտորեն վկայում էին ատելության մթնոլորտի արժեքի մասին և ցույց էին տալիս այն հեռավորությունը նրանցից, ովքեր արյուն են թափում և նրանցից, ովքեր ամեն օր հրամաններ են արձակում, ամրապնդում են իրենց իշխանությունը, հարստանում են` շահարկելով արտաքին թշնամու հանգամանքը և արդարադատությունը թողնելով հետագայի համար:

Նման մթնոլորտը բացառում էր իշխանական շահերին ծառայող վերլուծաբանների, տեսաբանների և լրագրողների հարձակումները: Նրանք ներկա էին այնտեղ, լսում էին, ձայնագրում, սակայն չէին մոտենում բոլոր ցանկացողների համար ազատ բարձրախոսին  «ինքնորոշման» , «տարածքային ամբողջականության»  և «պատմական իրավունքի» մասին հայտարարություններ հնչեցնելու համար, քանի որ  ղազախցիները և ոսկեպարցիները պատմեցին, օրինակ, ինչպիսի արձագանք են գտնում անմիջապես սահմանի վրա բառային սպառնալիքներն ու առցանց-անհաշտությունը:

Արդյունքում «Իրատեսակա՞ն է արդյոք հասարակական միջամտությունը» հարցը վերաճեց մեկ այլ հարցի` հնարավո՞ր է արդյոք տարածաշրջանում  իրավապաշտպան լինել և պաշտպանել մարդկանց իրավունքները, լրագրող լինել և չսպասարկել իշխանություններին, լինել և չվախենալ:

Հասարակական միջամտության օգտին արտահայտվել է ներկաների գերակշիռ մեծամասնությունը: Ավելին՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արագ արձագանքման խմբի ստեղծման մասին, որը սահմանների վրա զինված միջադեպերի մասին նախազգուշացնելու քայլեր է ձեռնարկելու, հետազոտելու է իրավիճակը սահմանամերձ գոտիներում: Անհրաժեշտության դեպքում խմբին կարող է միանալ նաև վրացական կողմը: Սկզբի համար դա կարող են անել երկու սահմանամերձ գյուղերի բնակիչները` բժիշկները, տաքսիստները, հողագործները, ովքեր հարաբերություններ կհարթեն միմյանց միջև և մշտական կապ կպահպանեն, և, հաշվի առնելով նախաձեռնության բաց բնույթը, դրան կարող է միանալ յուրաքանչյուր անհատ:

Իսկ արդեն օգոստոսին տարածաշրջանի աշխարհագրական կենտրոնը կհյուրընկալի առաջին Թեքալիի հարավկովկասյան կինոփառատոնը:

Հերթական քաղաքացիական լսումները կազմակերպվել էին «Թեքալի» ասոցիացիայի, Տարածաշրջանային Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցության և զարգացման կենտրոնը և Հայաստանի Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը: