Home / Հայաստան / ԱԺ ընտրությունների դրականն ու բացասականը. ՄԻ պաշտպանը զեկույց է հրապարակել

ԱԺ ընտրությունների դրականն ու բացասականը. ՄԻ պաշտպանը զեկույց է հրապարակել

2012 թվականի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության անվստահության էական պատճառներից մեկը ընտրողների ցուցակների անճշտություններն են և ընտրական ցուցակներում Հայաստանից երակարատև բացակայող անձանց տվյալների պահպանումը: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` այսօր հրապարակած 27-էջանոց զեկույցում, որը վերաբերում է ԱԺ անցած ընտրություններին:

«Հայաստանում երկար ժամանակ փաստացի չբնակվող անձանց տվյալները ընտրողների ռեգիստրում պահպանելը օրենքի պահանջն է: Մահացած անձանց անունները ընտրական ցուցակներում պահպանելը ըստ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկության եղել է ծրագրային ապահովման խնդիր, որը մինչ ընտրությունների օրը շտկվել է: Ընտրական ցուցակների այլ անճշտությունները՝ ոստիկանության ոչ լիարժեք աշխատանքի հետևանք է: Ընտրական ցուցակների հետ կապված նշված խնդիրներն ինքնին չեն վկայում ընտրակեղծարարության մասին, սակայն այդ խնդիրները քաղաքական շահարկումների առիթ են տալիս և խորացնում հանրության անվստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ», – զեկույցում նշում է Անդրեասյանը:

Նրա դիտարկմամբ` շատ դրական է ոստիկանության կատարած լայնածավալ աշխատանքը, որի արդյունքում այս ընտրությունների ընթացքում չափազանց փոքր է եղել այն անձանց թիվը, ովքեր, ունենալով  քվեարկելու իրավունք, չեն ընդգրկվել ընտրական ցուցակներում:

Օմբուդսմենի կարծիքով` նախընտրական քարոզչությունը հիմնականում անցել է ազատ և առանց էական խոչընդոտների, ինչը դրական նախադրյալներ է ստեղծել բոլոր թեկնածուների հավասար մրցակցության համար:

«Այդուհանդերձ, արձանագրված նույնիսկ սակավաթիվ միջադեպերը բավարար արդյունավետ չեն քննվել ոստիկանության և դատախազության կողմից, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ոստիկանություն ստացված բոլոր հաղորդումների վերաբերյալ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել պարզել հանցադեպի առկայությունը և/կամ իրավախախտումը կատարած անձանց ինքնությունը, հետևապես բոլոր այդ դեպքերով կայացվել են քրեական գործերի հարուցումը մերժելու մասին որոշումներ: Նման արդյունքները էականորեն նվազեցնում են հանրության վստահությունը այդ մարմինների և ընտրական գործընթացների նկատմամբ»,  – նշել է Կարեն Անդրեասյանը:

Ընտրությունների լուսաբանման հարցում ՄԻ պաշտպանը բացառիկ առաջընթաց է նկատել համեմատած նախորդ բոլոր ընտրությունների հետ:

«Զանգվածային լրատվության միջոցները բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին հնարավորություն ընձեռեցին իրենց տեսակետները, գաղափարներն ու ծրագրերը ներկայացնել հանրությանը», – գրել է օմբուդսմենը:

Զեկույցում ընդգծվում է, որ գաղափարական և ծրագրային լուրջ քննարկումներ ծավալելու համար մրցակից ուժերը չկարողացան օգտագործել ընձեռված լայն հնարավորությունը:

«Հանրության զգալի մասը այդպես էլ չստացավ իրեն հուզող բազմաթիվ արտաքին և ներքին քաղաքական հիմնահարցերի այլընտրանքային լուծումները, ինչն էլ նպաստեց հաճախ ապաքաղաքական և ապագաղափարական ընտրությանը,  որն էլ իր հերթին պարարտ հիմք է ընտրազանգվածին ընտրակաշառքով կողմնորոշելու համար», – ասված է զեկույցում:

Բուն ընտրությունների ընթացքը գնահատելով` Անդրեասյանը կարծիք է հայտնել, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, երբ զանգվածային բնույթ էին կրում լցոնումները, ձայների հաշվարկի ընթացքում կեղծումները, բռնությունները, բազմակի քվեարկությունները, այս ընտրությունները էականորեն և դրականորեն տարբերվել են:

«Բոլոր արձանագրված խախտումներից ամենամտահոգիչը եղել է ընտրակաշառքի բաժանման երևույթը: Հանրության որոշ մասի համոզմամբ ընտրակաշառքի դեպքերը եղել են զանգվածային: Չնայած նման համոզմանը, այդ մասին փաստող ապացույցները և հիմնավոր վկայությունները բացակայում են: Ընտրակաշառքների վերաբերյալ արձանագրված շուրջ հարյուր ահազանգերի ծանրակշիռ մասը իրավապահ մարմինների կողմից ճանաչվել է անարժանահավատ: Ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը կրում են հենց իրավապահ մարմինները, այնինչ վերը թվարկված գրեթե բոլոր դեպքերով ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են և չափազանց անբավարար: Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունը այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ:

Վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերը  այս ընտրություններին չեն կրել զանգվածային բնույթ և հետևաբար հնարավոր չէ փաստել, որ վարչական ռեսուրսի կիրառումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա», – ասված է զրույցում:

Եզրափակելով զեկույցը` օմբուդսմենը նշում է, որ ընտրություններից անմիջապես հետո շատերը (լրագրողներ, գործընկերներ, ընկերներ) հարցրել են, թե որն է ընտրությունների իր գնահատականը:

«Ոմանք կարող են ակնկալել «երկու բառով» գնահատական, որին հայտնի միջազգային դիտորդական կազմակերպությունները տարիներ շարունակ վարժեցրել են մեր հանրության գիտակցությունը: «Ազատ և արդար» կամ «մասամբ ազատ և մասամբ արդար» բառակապակցությունները չեն կարող իրապես արտացոլել այն կարևոր ու բազմաշերտ հիմնահարցերը, զարգացումները, բացթողումները, վերլուծությունները և նույնիսկ զգացումները, որ ծագում են ամեն ընտրական շրջանից հետո: Հենց այդ պատճառով, ես հրաժարվում եմ երկբառանի գնահատականներից և ներկայացնում եմ այս ծավալուն զեկույցը՝ առանձին խնդիրների վերաբերյալ իմ կոնկրետ դիտարկումներով, որոնք հնարավոր է օգտակար լինեն անցյալ ընտրությունների իմաստավորման և հաջորդ ընտրություններում նոր առաջընթաց գրանցելու համար», – եզրափակել է օմբուդսմենը:

Tekali Taxi