Home / Հայաստան / Առողջապահության նախարարն այցելել է ծեծված բժշկին, հանդիպել է նրա մոր հետ

Առողջապահության նախարարն այցելել է ծեծված բժշկին, հանդիպել է նրա մոր հետ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դատապարտում է իր կոլեգաների նկատմամբ իրականացված յուրաքանչյուր բռնություն, անկախ նրանից, թե ով է դա իրականացրել: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դումանյանն անդրադարձել է հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում ռազմական բժիշկներին ծեծի ենթարկելու փաստին:

Նա հավելել է, որ դատապարտում է բոլոր այն դեպքերը, երբ որևէ մեկին բռնի ուժով որևէ բան են  բացատրում:

«Եվ իմ աշխատանքում ես էս հարցերում շատ ուշադիր եմ լինելու: Որովհետև մեր կոլեգաները ևս, ինչպես շատ-շատ մարդիկ, անպաշտպան են մնացել: Բժիշկները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, որոնք հերթապահում են, որոնք իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար, և հանկարծ նման պատմությունների մեջ են: Մենք պետք է նախարարությունում հատուկ ուշադրություն դարձնենք մեր յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի իրավունքների պաշտպանության համար»,- ասել է Դումանյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ կիրակի ինքն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, այնուհետև հանդիպել է նրա մայրիկի հետ:

«Բժիշկները ինձ զեկուցել են բուժման ընթացքը, կարծեք թե ամեն ինչ կատարյալ  իրականացվում է: Ես խնդրելու եմ, եթե որևէ բանի կարիք կունենան, անպայման դիմեն, որպեսզի մենք կարողանանք մեր օգնությունը ցուցաբերել: Ամեն դեպքում մեր ամենօրյա հսկողության ներքո է», – ասել է Առողջապահության նախարարը:

Tekali Taxi