Home / Հայաստան / Եվրո-2012. Իսպանական ձանձրույթը հաղթեց պորտուգալական ցանկությանը

Եվրո-2012. Իսպանական ձանձրույթը հաղթեց պորտուգալական ցանկությանը

Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին երեկ ձանձրույթի հերթական չափաբաժինը «նվիրեց» երկրպագուներին: Պորտուգալիայի դեմ անցկացրած կիսաեզրափակչի հիմնական ժամանակում իսպանացիները ոչինչ ցույց չտվեցին, ի տարբերություն պորտուգալացիների, ովքեր մրցակցի կիսադաշտում պրեսինգի էին դիմում, փորձում էին արագ անցնել դաշտի կենտրոնը, և, մեծ հաշվով, խաղալու և հաղթելու ավելի մեծ ցանկություն էին դրսևորում: Այլ հարց, որ գոլային պահեր երկու թիմերն էլ այդպես էլ չունեցան:

Միայն լրացուցիչ ժամանակում Իսպանիայի հավաքականը հանկարծ արթնացավ, մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց և անգամ գոլային պահ ստեղծեց, սակայն Խորդի Ալբայից հիանալի փոխանցում ստանալով` Անդրես Ինյեստան մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը` Պորտուգալիայի դարպասապահ Ռույ Պատրիսիուն հետ մղեց գնդակը:

Լրացուցիչ ժամանակում պորտուգալացիները ակնհայտորեն հոգնել էին, և այդ պատաճռով միայն իսպանացիների ավելի լավ տպավորություն թողեցին: Չնայած դրան, ընդհանուր առմամբ հանդիպումը, թեև լարված էր և նյարդային, չարդարացրեց երկրպագուների սպասելիքները, ովքեր հաճախ սուլոցներով էին դիմավորում Իսպանիայի սեփական կիսադաշտում գնդակի անվերջ գլորելը, որի հիմնական մասը հետ փոխանցումներն էին կազմում:

Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ բախտը ժպտաց չեմպիոններին, չնայած առաջինը վրիպեց Չավի Ալոնսոն, ում հարվածը գեղեցիկ ցատկով հետ մղեց Պատրիսիուն: Սակայն անմիջապես դրանից հետո Մուտինյուի հարվածը կանգնեցրեց Կասիլյասը:

Երկուական հաջողված փորձերից հետո պորտուգալացիների կազմում վրիպեց Բրունու Ալվիշը, որի հարվածից հետո գնդակը հետ մղեց դարպասաձողը: Այն մեկ անգամ օգնեց իսպանացիներին, երբ Սեսկի վճռական հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից և հայտնվեց ցանցում` 4:2:

Կրիշտիանու Ռոնալդուին, ով պետք է Պորտուգալիայի վերջին հարվածն իրացներ, հերթ չհասավ:

Այսօր կկայանա Եվրո-2012-ի երկրորդ կիսաեզրափակիչը` Գերմանիա-Իտալիա:

Tekali Taxi