Home / Հայաստան / Կառավարությունը բարդացրել է օղի արտադրողների և ներմուծողների համար արտոնագրման կարգը

Կառավարությունը բարդացրել է օղի արտադրողների և ներմուծողների համար արտոնագրման կարգը

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը: Եվս մեկ որոշմամբ սահմանվել են նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ փաստորեն ներքին արտադրողի և ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր: Սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, և ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ և պարտադիր կերպով։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է.

«Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետև այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ։ Ըստ էության, ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։ Այս ընթացակարգով կուժեղանա նաև հսկողությունը, այդ թվում նաև սննդի անվտանգության տեսակետից։ Միաժամանակ սա համապատասխանում է նաև մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական և օտարերկրյա ընկերությունների համար»:

Tekali Taxi