Home / Հայաստան / Մահացել է «Հարսնաքարում» ծեծի ենթարկված բժիշկը

Մահացել է «Հարսնաքարում» ծեծի ենթարկված բժիշկը

Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով հունիսի 17-ին ծեծի էր ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանաքար» հյուրանոցային համալիրում ռեստորանի անվտանգոթյան աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ավետյանը երկու վիրահատության էր ենթարկվել, սակայն նրա վիճակը շարունակում էր ծանր մնալ: Բժշկի մոտ ծեծի հետևանքով ուղեղի դիսլոկացիա էր առաջացել:

Հայաստանի լավագույն մասնագետներ երեք օր առաջ կոնսիլիում են անցկացրել Ավետյանի խնդրի վերաբերյալ: Առաջարկ է հնչել տուժածի ուղեղի աջ կիսագնդի մի հատվածը հեռացնել:

Բժիշկների մյուս մասը առաջարկել է երրորդ վիրաբուժական միջամտությունը չանել ու սպասել` հույսով, որ աջ կիսագնդում հնարավոր է` առողջ բջիջներ պահպանված լինեն: Այս մասին Epress.am-ին հայտնել է բժիշկներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: Մասնագետները որոշել են, այնուամենայնիվ, սպասել, քանի որ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է եղել:

Ավելի վաղ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բժիշկներից մեկը Epress.am-ին հայտնել էր, որ Ավետյանի վերականգնվելու միակ հույսը Աստծո հրաշքն է:

«Թերևս մենք՝ բժիշկներս, արդեն անզոր ենք որևէ բան անել», – ասել էր նա ու հավելել, որ, չնայած ամենին, իրենք շարունակում են հուսալ:

Նշենք, որ Վահե Ավետյանի հետ ծեծի էին ենթարկվել և հիվանդանոց տեղափոխվել նաև Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և Արկադի Աղաջանյանը, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը կալանավորել է 6 մարդու` Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին, Դավիթ Ադամյանին, Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին:

Tekali Taxi