Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն վրացական քայլերի դեմ, կարծում է պատգամավորը

Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն վրացական քայլերի դեմ, կարծում է պատգամավորը

Նրանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ում հաստատվել է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, որում ներառված է նաև Կառավարության կողմից Ջավախքում հայապահպանությանը և հայոց լեզվի պահպանմանը միտված շարունակական ծրագրերի իրականացման դրույթ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք»  հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանը  նամակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին և առաջարկել է Ջիվանիական և Տերյանական տոնակատարությունները ներառել պետության կողմից կազմակերպվող միջոցառումների ծրագրի մեջ և այս հարցով բանակցել Վրաստանի իր գործընկերոջ հետ:

«Մենք գտնում ենք, որ այս տոնակատարությունների պետական մակարդակով անցկացումը էլ ավելի կամրապնդի հայ-վրացական բարեկամությունը և էապես կնպաստի Ջավախքի հայապահպանությանը»,- ասել է Թորոսյանը և նշել, որ այս տոնակտարությունները կազմակերպվում են ամեն տարի, բայց  մնում են հասարակական մակարդակի վրա:

Նա նաև տեղեկացրել է, որ անցյալ տարի տերյանական տոնակատարության մեծ միջոցառումը վարել են ռուսերեն լեզվով, իսկ Վրաստանում ռուսերենը, Թորոսյանի խոսքով, գրեթե պաշտոնապես արգելված  լեզու է:

Թորոսյանը հայտնել է նաև, որ Վրաստանում գնալով սրվում են քաղաքական հետապնդումները` կապված Վրաստանի խորհրդարանական ընտրությունների հետ: Պատգամավորը նշել է, որ արդեն 3 տարի է՝ ինքը չի կարողանում մուտք գործել Վրաստան:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախահայ Մելիք Ռայիսյանը նույնպես չի կարողանում մուտք գործել Վրաստան, քանի որ նրան հետապնդում են:  Սա Շիրակ Թոորսյանը ևս մեծագույն խնդիր է համարում և կարծում է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն վրացական քայլերի դեմ:

Լուսանկարը՝ javakhq.ru-ի

Tekali Taxi