Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջընթաց գրանցել նախագահական ընտրություններում

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել առաջընթաց գրանցել նախագահական ընտրություններում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել ԶԼՄ-ների համար.

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:

Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական Միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:

Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում:

Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:

Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին:

Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը»:

Tekali Taxi