2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Եզդիները կարող են իրենց գործչի անունով փողոց ունենալ Երևանում. դիմել են քաղաքապետին

Եզդիների «Սինջար» ազգային միավորումը 300 ստորագրություններով դիմում է  ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝  եզդի հայտնի գործիչ Ջանգիր աղայի աճյունը Ստավրոպոլի երկրամասից Հայաստան տեղափոխելու ու վերահուղարկավորելու խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է միավորման առաջնորդ  Բորիս Թամոյանը:

«Քանի որ ինքը կռվել ու գործել է և՛ եզդիների և՛ հայ ժողովրդի համար, այնուհետ մահացել է աքսորում, ուստի գտնում ենք, որ նրա մարմինը պետք է վերջին հանգիստը գտնի Հայաստանում», - նշել է Թամոյանը:

Նա նաև խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մեկ այլ համագործակցության մասին:

«Ունենք մեկ այլ նախաձեռնություն, ինչի մասին բաց նամակով դիմել ենք քաղաքապետին՝ Երևանում ունենալ Ջանգիր աղայի  անունով փողոց: Մի քիչ ուշացումով, բայց շատ կարևոր է արժանին մատուցել նրա հիշատակին: Ցանկալի կլիներ, որպեսզի ունենայինք նրա անունով փողոց: Խոսքը Մաշտոցի պողոտայի մասին չէ և ոչ էլ այն փողոցների, որտեղով,  բացի թափառական շներից, ոչ ոք չի անցնում: Երևանում մի շարք փողոցներ կան, որոնք կրում են օտար գործիչների անուններ, ուստի կարելի է մտածել այս ուղղությամբ», - ասել է  Թամոյանը: