Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստը վստահ է` մեղադրողը կպահանջի առավելագույն պատիժ

ՀԱԿ ակտիվիստը վստահ է` մեղադրողը կպահանջի առավելագույն պատիժ

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը` մոտ 4 ժամ մեղադրական ճառն ընթերցելուց հետո միջնորդել է հետաձգել դատական նիստը` իր վատառողջ լինելու պատճառով:

Դատավորը բավարարել է նրա միջնորդությունը և հետաձգել է դատական նիստը: Իսկ մինչ այդ դատախազը իր մեղադրական ճառում, որպես երիտասարդների մեղքն ապացուցող հանգամանք ներառել է գործով անցնող տուժող ոստիկանների և վկաների (որոնց մեծ մասը նույնպես ոստիկաններ են) ցուցմունքները:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

ՀԱԿ-ի ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում:

Նիստից հետո Սարգիս Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի  կարող ասել, թե ինչի հիման վրա էր  մեղադրողը որոշել «այսքան անիմաստ գործողություն անել»:

«Նա անդրադարձավ բոլորիս մեղադրանքը ապացուցող հանգամանքների, իբր, ապացույցներին, բայց  դուք էլ ականատես եղաք` մոտավորապես չորս ժամ մեղադրողը  կարդում էր նույն բովանդակությամբ նյութը, որն ընդամենը նորից արձանագրում էր ոստիկանների դատաքննական ցուցմունքներ, որը որևէ ապացուցողական ուժ չունի: Ինձ թվում է` որպես մեղադրողի մասնագետ ներկայանալու ձգտումներ են, մեղադրողի իմպրովիզացիաներ են: Ակնհայտ է, որ մեղադրողը մինչև վերջ կտանի այս ոճով ու նաև կպահանջի առավելագույն պատիժ: Իսկ ակնհայտ է, որ վճիռն էլ լինելու է այս մեղադարական ճառի ոգուն ու տառին համապատասխան: Ակնհայտ է, որ սա արդեն պատվեր է, որովհետև համարել ապացույցներ այս ցուցմունքներով ու այս  հանգամանքներում, դա ուղղակի նշանակում է  անտեսել իրականությունը ու առաջ տանել շինծու մեղադրանք»,- ասել է Սարգիս Գևորգյանը:

Դատական նիստից հետո Հակոբ Մարտիորսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը պատրաստվում է վիճաբանությունների փուլին, իսկ այսօր ներկայացրել է բոլոր հնարավոր մոտեցումները, վիճարկել է ոստիկանների գործողությունների իրավաչափությունը: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 14-ին, ժամը 12.00-ին:

Tekali Taxi