հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ամուսնուդ հարբած կբռնեմ, գլխին կսարքեմ». Գործարարը սպառնում է բնակիչներին

«Ամուսնուդ հարբած կբռնեմ, գլխին կսարքեմ». Գործարարը սպառնում է բնակիչներին

Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի բնակիչներն այսօր՝ Epress.am-ի   զրույցում պատմել են, որ 1,5  տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանը բնակիչներին ամեն կերպ համոզելու ու համաձայնության գալու   բոլոր տարբերակներն  օգտագործելուց հետո այժմ  սկսել է իրենց ահաբեկել:

«Հունիսի 27-ին մեր բակ այցելած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանի  հեռանալուց հետո, երբ անորոշ ժամանակով դադարեցվեց բակում ընթացող շինարարությունը, Մկրտչյանը եղբոր հետ ամեն ջանք գործադրեց, որպեսզի  բնակիչներս հրաժարվենք բողոքել ու ետ վերցնենք  բողոք-դիմումները, և ինքը շարունակի իրականացնել շինարարությունը: Տեսնելով, որ բնակիչներին  կաշառելու ոչ մի ձև չի անցնում, Արսեն Մկրտչյանն հիմա էլ գործի է դրել սպառնալիքների հսկայական փափեթը. մեկին ասում է՝ ինչո՞ւ չես մտածում, որ աղջկա տեր ես, ինչո՞ւ ես ուզում դուշման ունենաս, մեկին՝ թե ամուսնուդ հարբած կբռնեմ, գլխին ընենց կսարքեմ, որ սաղ կյանքով կփոշմանեք, մյուսին էլ, թե՝ էնքան կզզվացնենք ձեզ, որ կվաճառեք բնակարաններն ու կգնաք էս շենքից, մեկ ուրիշին էլ ասում է՝ մենակ ես ապրում, չե՞ս վախենում, թե ի՞նչ ի նկատի ունի՝ չենք հասկանում, աջ ու ձախ ասում է՝ մենք մեր վատությունը կանենք, դուք էլ ձեր վատությունն արեք», – պատմել է Գայանե Եղիազարյանը՝ նշելով, որ ինքն էլ իր հերթին Մկրտչյանին զգուշացրել է, թե իրենք էլ վատություն անելու իրենց տարբերակներն ունեն:

«Ասացի, որ եթե վատությանն է խոսքը վերաբերում, մենք կարող էինք  զանգել հարկային տեսչություն ու տեղեկացնել, որ քո խանութում  հսկիչ դրամարկղային մեքենա չես տեղադրել, դրան գումարած՝ ամբողջ շենքի ընդհանուր գծից գողանում ես խմելու ջուրը, խանութում ժամկետնանց ապրանքներ ես վաճառում, այնպես որ լավ մտածի, մենք մեր արդարացի պահանջն ենք ներկայացնում»,- նշել է Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Մկրտչյանն իր ազգականներով փորձում է բակի տղամարդկանց բորբոքել՝ տարբեր տեսակի  վեճերի ու խոսակցությունների առիթներ հրահրելով:

«Մեր ամուսիններին կանչում են խանութ, փորձում են վիճաբանել, կանանց հասցեին  բացահայտ անվայել արտահայտություններ են անում, որպեսզի մեր ամուսինները դուրս գան ու վիճաբանեն: Չնայած արդեն համբերություններս հատել է, բայց աշխատում ենք համբերատար կերպով զերծ մնալ նման բաներից: Քանի կա մեր բողոքը, բակում շինարարությունը արգելվելու է ու ամեն գնով մենք շարունակելու ենք պայքարել նրա անօրինությունների դեմ: Մեր միակ նպատակն է՝ վերականգնել բակի կանաչ տարածքը,  երեխաների խաղահրապարակը», – շեշտել է Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքում են կեղծ հիմքերով անօրինական գործողությունների դեմ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտին, Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր  հունիսի 6-ին:

«1,5 տարվա պայքարի արդյունքում այդքան ծառահատումները, թթվածնի կորուստը, բնակիչների քայքայված նյարդերը բավական են: Մենք հասել ենք նրան, որ շինարարությունը կասեցվել է, հիմա էլ պիտի թույլ տանք, որպեսզի կրկին վերսկսե՞ն», – ասել է Եղիազարյանը:

Օրեր առաջ Եղիազարյանն Epress.am-ին հայտնել էր, որ Մկրտչյաններն անվերջ կրկնում են,  թե պատրաստ են  լուծել   շենքի  բնակիչների խնդիրները, անգամ գումարներ են առաջարկել, միայն թե բնակիչների հետ հաշտության եզրեր գտնեն ու գան ընդհանուր հայտարարի:

«Մենք բազմիցս շեշտել ենք, որ չենք ուզում, որ մեր բնակարանների պատուհաններից ինչ-որ շինության պատ երևա, փոշի ու աղբ լինի: Նրանք մեզ պատասխանում են, թե մի անհանգստացեք, գեղեցիկ տուֆից պատ է լինելու, իսկ ինչ վերաբերում է աղբին ու փոշուն, ապա մենք մաքրողներ կբերենք, բոլորի բնակարանները մեկ առ մեկ կմաքրեն», – պատմել է Եղիազարյանը: